Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-07-ից մինչև 2023-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԻ ԱՎԱՐՏԸ

Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

գործել է մինչև 2023-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 90. Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները

1. Իրավաբանական անձ պարտապանը համարվում է լուծարված, իսկ պարտապան անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը` դադարած սույն օրենքի 88-րդ հոդվածով նախատեսված պետական գրանցման պահից:

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի առաջին մասով, 69-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» կետով, ինչպես նաև 74-րդ և 89-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում պարտապանը համարվում է ֆինանսապես առողջացած և կարող է շարունակել իր գործունեությունը:

Այդ դեպքում գործն ավարտելու պահից վերանում են սույն օրենքի 13-րդ հոդվածի չորրորդ և հինգերորդ մասերով և 19-րդ հոդվածի երրորդ մասով նախատեսված կասեցումները: Միաժամանակ առողջացած անձն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Եթե սնանկության գործն ավարտվել է սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում, ապա պարտապանը չի ազատվում բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում:

4. Պարտապանը չի կարող ազատ ճանաչվել`

ա) ալիմենտների վճարումից.

բ) սնանկ ճանաչելու պահին նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներից.

գ) կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններից.

դ) հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններից.

ե) այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով` հարգելի ճանաչված դեպքերում:

5. Սնանկության վերաբերյալ գործն ավարտելու վերաբերյալ դատարանի վճիռը կարող է բողոքարկվել:

(90-րդ հոդվածը լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)

(90-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «...և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից, բացառությամբ սույն հոդվածի երրորդ և չորրորդ մասերով նախատեսված դեպքերի» դրույթը` համակարգային առումով փոխկապակցված նույն հոդվածի 4-րդ մասի հետ, այն մասով, որով դատարանի կողմից հարգելի ճանաչված դեպքերում բացառություն չի նախատեսում նաև ավարտված սնանկության գործի շրջանակներում պահանջ չներկայացրած պարտատերերի համար, նրանց նկատմամբ սահմանելով իրավունքի պաշտպանության ոչ համաչափ սահմանափակում, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր 27.01.2015 ՍԴՈ-1189 որոշմամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։