Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-07-04-ից մինչև 2025-07-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

գործել է մինչև 2025-07-09Բացել ARLIS-ում

Հոդված 61. Ֆինանսական առողջացման ծրագրի պարտադիր պայմանները

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներառի`

ա) ապահովված, չապահովված և այլ խմբերի պարտատերերի նկատմամբ պարտավորությունների մարման ժամանակացույցը, նրանց պահանջների դիմաց վճարումների կատարման կարգը, այդ թվում` պահանջների բավարարման կարգը պարտապանին պատկանող անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքով.

բ) պարտապանին պարտավորություններից ազատելու, դրանք հետաձգելու կամ վերաձևակերպելու կարգը և չափերը.

գ) պարտապանի վճարունակությունը վերականգնելու համար սույն օրենքի 59-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների բովանդակությունը և իրականացման կարգն ու ժամկետները, դրանց իրականացման արդյունքում պարտապանի գործունեությունը շարունակելիս պարտատերերի պահանջների բավարարման հնարավորությունների ավելացման հիմնավորումները, պարտապանին պատկանող գույքի վաճառքի դեպքում` վաճառվող գույքի կազմը.

դ) ֆինանսական առողջացման ծրագրի կատարման համար անհրաժեշտ` կառավարչի և այլ մասնագետների, պարտապանի ղեկավարի վարձատրության և վարչական ծախսերի փոխհատուցման կարգը և չափերը:

2. Առանց պարտատիրոջ գրավոր համաձայնության, ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող նախատեսել այդ պարտատիրոջ պահանջների բավարարման այլ հերթականություն, քան նախատեսված է սույն օրենքով։ Եթե տվյալ պարտատերը գրավոր այլ համաձայնություն չի տվել, ապա պարտատերերից որևէ մեկը չպետք է ֆինանսական առողջացման ծրագրի նախատեսված արդյունքում նվազ նպաստավոր պայմաններում հայտնվի, քան եթե պարտապանը լուծարվեր։

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը չի կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և խախտել այլ անձանց շահերը:

4. Եթե ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պետք է օգտագործվի ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) պահանջի դիմաց գրավադրված գույքը, ապա ապահովված պարտատիրոջ (պարտատերերի) համաձայնությունը ֆինանսական առողջացման ծրագրի քննարկման կամ հաստատման համար պարտադիր է:

5. Եթե ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսվում է այլ անձանց կողմից պարտապանին ֆինանսավորման տրամադրում, ապա տվյալ ծրագրի հաստատման համար ֆինանսավորողի համաձայնությունը պարտադիր է: Պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում ֆինանսավորում տրամադրած կամ պարտապանի պարտատոմսեր կամ մուրհակներ ձեռք բերած անձանց պահանջներն ունեն բավարարման առաջնահերթություն պարտապանի հանդեպ մյուս բոլոր պահանջների նկատմամբ և բավարարվում են ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտապանի գործունեությունից ստացած զուտ շահույթից (զուտ եկամտից), եթե այլ բան նախատեսված չէ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագրով կամ ֆինանսավորողի և պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

(61-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն)

&#9878Հոդված 62. Ֆինանսական առողջացման ծրագրի քննարկումը

1. Ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց հետո` երկու օրվա ընթացքում, դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին, եթե այն չի համապատասխանում սույն օրենքով սահմանված պահանջներին, կամ չի ներկայացվել ֆինանսական առողջացման ծրագրի օրինակը կառավարչին ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը (բացառությամբ ծրագիրը կառավարչի կողմից ներկայացվելու դեպքերի): Դատարանը որոշմամբ նշում է առկա թերությունները և սահմանում է եռօրյա ժամկետ` առկա թերությունները շտկելու և ֆինանսական առողջացման ծրագիրը կրկին ներկայացնելու համար: Մինչև որոշում ընդունելը դատարանը կարող է ծրագիր ներկայացնող անձից պահանջել ներկայացնել ծրագրի վերաբերյալ փորձագետի եզրակացություն:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո սահմանված ժամկետում թերությունները վերացվելու և այն կրկին դատարան ներկայացվելու դեպքում համարվում է ժամկետում ներկայացված:

3. Դատարանը երկօրյա ժամկետում որոշում է կայացնում ֆինանսական առողջացման ծրագիրն առանց քննության թողնելու մասին, եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում սահմանված ժամկետում թերությունները չեն վերացվել, կամ կրկին ներկայացվելու դեպքում թույլ են տրվել նոր խախտումներ:

4. Եթե ֆինանսական առողջացման ծրագիրն ստանալուց կամ ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձվելու դեպքում կրկին ներկայացվելուց հետո` երկօրյա ժամկետում, դատարանը որոշում չի ընդունել ֆինանսական առողջացման ծրագիրը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին, ապա կառավարչին, պարտապանին և իրեն հայտնի բոլոր պարտատերերին ծանուցում է դատարանում ֆինանսական առողջացման ծրագրի առկայության և ծրագրին նրանց ծանոթանալու իրավունքի մասին:

5. Կառավարիչը ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու` սույն օրենքով կամ ժամկետի երկարաձգման մասին դատարանի որոշմամբ սահմանված ժամկետի ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 20 օրվա ընթացքում, հրավիրում է ժողով ֆինանսական առողջացման ծրագիրը (ծրագրերը) քննարկելու նպատակով, որին հրավիրվում է պարտապանը:

(62-րդ հոդվածը խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 63. Ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությունը

1. Մեկից ավելի ֆինանսական առողջացման ծրագրեր քննարկվելու դեպքում բոլոր ծրագրերի քվեարկությունը պետք է կատարվի մեկ ժողովի ընթացքում:

2. Քվեարկությանը կարող են մասնակցել միայն հաստատված պահանջներով պարտատերերը, բացառությամբ ապահովված պահանջներով պարտատերերի և սույն օրենքի 82-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետով նախատեսված պահանջներով պարտատերերի: Ֆինանսական առողջացման ծրագիրը քվեարկում են ապահովված պարտատերերը, եթե տվյալ սնանկության գործով բոլոր պարտատերերը հանդիսանում են ապահովված պարտատերեր: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կառավարության սահմանած դեպքերում և կարգով կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը: Համայնքային բյուջեի նկատմամբ դրամական պարտավորություններից բխող պահանջներով պարտատերերը կարող են մասնակցել ֆինանսական առողջացման ծրագրի քվեարկությանը և կողմ քվեարկել, եթե այդ մասին առկա է համայնքի ավագանու որոշումը:

3. Ֆինանսական առողջացման ծրագիրը համարվում է ընդունված, եթե դրա ընդունման օգտին քվեարկել է պարտատերերի ձայների պարզ մեծամասնությունը, ինչի մասին ժողովը կայացնում է որոշում:

4. Եթե քվեարկվում են մեկից ավելի ծրագրեր, ապա դրանք քվեարկվում են ըստ ներկայացման առաջնայնության: Սույն հոդվածի առաջին մասի համաձայն` ֆինանսական առողջացման ծրագրի ընդունումից հետո մնացած ծրագրերը չեն քվեարկվում:

(63-րդ հոդվածը փոփ. 24.10.07 ՀՕ-246-Ն, խմբ. 12.12.19 ՀՕ-294-Ն)

&#9878Հոդված 64. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը

1. Ֆինանսական առողջացման ծրագիրը` ժողովի որոշմամբ ընդունվելու և սույն օրենքով սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում, հաստատվում է դատարանի որոշմամբ: Հակառակ դեպքում դատարանը որոշում է ընդունում ֆինանսական առողջացման ծրագիրը մերժելու և պարտապանին լուծարելու մասին:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պարտատերերի ժողովի կողմից ընդունվելուց հետո դատարանի հաստատմանը ներկայացնելիս պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել պահանջներ չներկայացրած պարտատերերի ցուցակը։ Պահանջներ չներկայացրած պարտատերերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են պարտապանի սնանկության և պարտատերերի պահանջները մեկամսյա ժամկետում դատարան ներկայացնելու անհրաժեշտության մասին: Ծանուցագրում նշվում է պահանջ չներկայացնելու իրավական հետևանքների մասին:

Սույն մասի առաջին պարբերությամբ սահմանված պահանջները դատարանը քննարկում է սույն օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

Եթե ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումից հետո դատարան են ներկայացվում պարտատերերի նոր պահանջներ, ապա ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու իրավունք ունեցող անձը մեկամսյա ժամկետում կարող է դատարան ներկայացնել նոր ֆինանսական առողջացման ծրագիր կամ հաստատված ծրագրի փոփոխություններ: Նոր ֆինանսական առողջացման ծրագիրը կամ հաստատված ծրագրի փոփոխությունները դատարան են ներկայացվում և հաստատվում սույն օրենքով սահմանված կարգով:

Եթե ծանուցված պարտատերը պահանջ չի ներկայացնում, ապա պարտապանի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության գործն ավարտելուց հետո պարտապանն ազատվում է պարտավորությունից։ Չծանուցված պարտատերերը պահպանում են պարտապանի դեմ պահանջ ներկայացնելու իրավունքը:

(64-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։