Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա
Հոդված 16. Սնանկ ճանաչելը կամավոր սնանկության դիմումի հիման վրա
(վերնագիրը լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
1. Պարտապանի կամավոր սնանկության դիմումը վարույթ ընդունելու օրվան հաջորդող եռօրյա ժամկետի ավարտից հետո` մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կետով կամ 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը:
2. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)
3. (մասն ուժը կորցրել է 12.12.19 ՀՕ-294-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)
(16-րդ հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց., փոփ., խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
⚖Հոդված 17. Պարտապանին սնանկ ճանաչելը հարկադրված սնանկության դիմումի հիման վրա
(վերնագիրը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
1. Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու հաջորդ օրը դատարանը պարտապանին է ուղարկում դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը` կցելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի պատճենները:
Հարկադրված սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, պարտապանը պարտավոր է դատարան ներկայացնել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը և կրում է դրանք չներկայացնելու պատճառով առաջացող իրավական հետևանքների ռիսկը։
Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը գրավոր չի վիճարկում իր սնանկությունը, ապա մեկշաբաթյա ժամկետում դատավորն առանց դատական նիստ հրավիրելու վճիռ է կայացնում պարտապանին սնանկ ճանաչելու մասին, եթե պարտապանն անվճարունակ է կամ առկա են սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքերը:
2. Եթե դատարանի որոշումն ստանալուն հաջորդող 15 օրվա ընթացքում պարտապանը վիճարկում է իր սնանկությունը` այդ մասին գրավոր առարկություններ ներկայացնելով դատարան, ապա դատավորն առարկությունները ստանալու պահից` 10 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցվում են դիմում ներկայացրած անձը (անձինք) և պարտապանը:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
2.1. Պարտապանի գրավոր առարկությունը պետք է պարունակի ներկայացված պահանջի դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին դիրքորոշում, առկայության դեպքում պետք է վկայակոչվեն առարկությունների հիմքում դրված փաստերը, և կից ներկայացվեն այն ապացույցները, որոնք հաստատում են առարկությունների հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցը որ փաստի հաստատմանն է ուղղված: Պարտապանն իրավունք ունի մինչև դատական նիստը կամ դատական նիստի ընթացքում լրացնելու առարկությունը կամ ներկայացնելու լրացուցիչ ապացույցներ, եթե հիմնավորում է դրանք առարկությամբ ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող առարկությունը դատարանի կողմից ենթակա չէ քննարկման:
3. Եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
4. (մասն ուժը կորցրել է 22.12.10 ՀՕ-13-Ն)
5. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
6. Դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
7. Սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքում ժամանակավոր կառավարչի (կառավարչի) դիմումի հիման վրա ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության մասով կազմված կատարողական թերթն ուղարկվում է հարկադիր կատարման:
(17-րդ հոդվածը լրաց., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն)
(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(11.04.24 ՀՕ-192-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 17.1. Դատարանի` սնանկության գործով կայացված դատական ակտերի ուժի մեջ մտնելը
(վերնագիրը փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
1. Դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բացառությամբ սնանկության գործն ավարտելու մասին վճռի, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:
2. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված որոշումներն ուժի մեջ են մտնում դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելու պահից:
3. Դատարանի` սնանկության գործով առանձին ակտի ձևով կայացված դատական ակտերն ուղարկվում են նաև համապատասխանաբար ժամանակավոր կառավարչին կամ կառավարչին:
(17.1-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն)