Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-05-18-ից մինչև 2026-07-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԸ ԵՎ ԱՅՆ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

գործել է մինչև 2026-07-12Բացել ARLIS-ում

Հոդված 12. Պարտապանի կողմից ներկայացվող փաստաթղթերը

1. Պարտապանի կողմից սեփական սնանկությունը ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմում ներկայացվելու դեպքում պարտապանը դիմումին կից պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) հիմնավորումներ պարտատերերի պահանջների ամբողջ ծավալով բավարարման անհնարինության կամ տնտեսական գործունեության էական վատթարացման վերաբերյալ, որոնք հիմք են հանդիսացել սնանկության դիմում ներկայացնելու համար.

2) պարտապանի պարտատերերի և պարտապանների (այդ թվում` այն քաղաքացիների, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար) ցուցակը, նրանց անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն և առանձին պարտավորությունների, ներառյալ` արտահաշվեկշռային պարտավորությունների բնույթը, չափը և հիմքերը: Նշված տեղեկությունները պետք է ներառեն նաև այն պարտավորությունները, որոնց ժամկետը չի լրացել, ինչպես նաև պարտապանի տված երաշխիքները և ստանձնած այլ պարտավորություններ.

3) եթե պարտապանը անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ է, ապա պարտապանի վերջին հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական հաշվետվությունները.

4) եթե պարտապանը տնտեսական ընկերակցություն է՝ մասնակիցների (լիակատար ընկերների) անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեն և պետական գրանցման տվյալները.

5) պարտապանի հայտարարությունը՝ ֆինանսական առողջացման մտադրության մասին.

6) դիմումը ներկայացնելու օրվան նախորդող 90 օրից ոչ ավելի վաղեմություն ունեցող տեղեկություններ (ապացույցներ) պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և այլ գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին, այդ թվում՝ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքային իրավունքների առկայության կամ բացակայության մասին՝ ստացված անշարժ և պետական գրանցման ենթակա այլ գույքի (իրավունքների) պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններից, իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» բաց բաժնետիրական ընկերությունից, Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից՝ պարտավորության կատարման վերաբերյալ կատարողական վարույթ հարուցված լինելու դեպքում, պարտապանի անշարժ գույքի գտնվելու, շարժական գույքի հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հանդիսացող պարտապանի դեպքում՝ նաև նրա գործունեության իրականացման վայրի տեղական ինքնակառավարման մարմնից.

7) եթե պարտապանը ֆիզիկական անձ է՝ հարկային մարմնի կողմից փաստաթղթային տեսքով տրված ֆիզիկական անձի անհատական հաշվի քաղվածքը.

8) կամավոր սնանկության կամ սնանկության վտանգի մասին դատարան ներկայացվող դիմումի և կից փաստաթղթերի պատճենները բոլոր պարտատերերին ուղարկելու մասին ապացույցները.

9) սնանկության վտանգի դիմումի դեպքում՝ սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

2. Եթե պարտապանը մտադիր է ֆինանսական առողջացման ենթարկվել, ապա նա կարող է դիմումին կից ներկայացնել նաև սույն օրենքի պահանջներին համապատասխան կազմված ֆինանսական առողջացման ծրագիրը:

3. Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում պարտապանը պարտավոր է դրա վերաբերյալ պատճառաբանված հիմնավորում ներկայացնել դատարան: Սույն հոդվածով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու կամ թերի ներկայացնելու հետ կապված բոլոր ռիսկերը կրում է պարտապանը։

(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-89-Ն, խմբ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 13. Սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը

1. Սույն օրենքով նախատեսված պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը դատավորն ընդունում է վարույթ` դիմումն ստանալու օրը: Եթե պարտապանի նկատմամբ սնանկության գործ կա դատարանում, ապա նոր դիմողի ներկայացրած սնանկության դիմումը քննվում է որպես առանձին վարույթ:

2. Դիմումը վարույթ ընդունելու մասին դատավորը կայացնում է որոշում: Դատարանը սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով նշանակում է սնանկության ժամանակավոր կառավարիչ: Եթե դատարանում առկա սնանկության գործով արդեն նշանակված է ժամանակավոր կառավարիչ, ապա նոր ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում: Ներդրումային ֆոնդի սնանկության վերաբերյալ գործով սնանկության ժամանակավոր կառավարիչ չի նշանակվում, և ժամանակավոր կառավարչի` սույն օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնում է այդ ներդրումային ֆոնդի պահառուն` սույն օրենքով սահմանված կարգով և պայմաններով, եթե այլ կարգավորում չի նախատեսված կամ չի բխում «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից:

2.1. Դատարանը հարկադրված սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտատիրոջ (մի քանի պարտատերերի դեպքում` բոլոր պարտատերերի), իսկ կամավոր սնանկության դիմումով հարուցված գործի դեպքում` պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած ժամանակավոր կառավարչի թեկնածուին դիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ նշանակում է որպես ժամանակավոր կառավարիչ` ստուգելով կառավարչի թեկնածուի համապատասխանությունը սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին: Եթե թեկնածու ներկայացված չէ, կամ նա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը մեկօրյա ժամկետում կառավարչի թեկնածություն ներկայացնելու պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, և նոր թեկնածուի ընտրությունն ու կառավարչի նշանակումն իրականացվում են սույն օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:

3. Դատարանը սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն անհապաղ ուղարկում է`

ա) պարտապանի պետական գրանցումն իրականացնող պետական մարմնին.

բ) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող պետական մարմիններին, ինչպես նաև կենտրոնական դեպոզիտարիա.

գ) այն հարկային մարմիններին, որտեղ պարտապանը հաշվառված է.

դ) մաքսային պետական մարմիններին.

ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ` կենտրոնական բանկ).

զ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը.

է) պարտապանին լիցենզիա տված պետական մարմնին (մարմիններին), եթե դիմումում առկա է տեղեկատվություն լիցենզիա ունենալու մասին.

ը) աշխատանքի և սոցիալական հարցերով լիազոր պետական մարմնին.

թ) Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով.

ժ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

3.1. Դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է կառավարությունը:

4. Ժամանակավոր կառավարչի կամ պարտատիրոջ միջնորդությամբ դատարանի որոշմամբ կարող է կիրառվել պարտապանի կամ նրա տիրապետման կամ օգտագործման ներքո գտնվող գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման ցանկացած անհրաժեշտ սահմանափակում, եթե դրանց չկիրառման արդյունքում կարող է էապես նվազել պարտապանի գույքը:

5. Սնանկության դիմումը վարույթ ընդունելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կասեցնում է պարտապանի գույքի բռնագանձման վերաբերյալ բոլոր կատարողական վարույթները:

(13-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., լրաց. 23.06.11 ՀՕ-235-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-252-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, լրաց. 03.03.21 ՀՕ-89-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-102-Ն, 23.12.22 ՀՕ-580-Ն, 03.07.25 ՀՕ-217-Ն)

(03.03.21 ՀՕ-89-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 22.10.25 ՀՕ-354-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։