Հոդված 30. Կառավարչի վարձատրությունը
Հոդված 30. Կառավարչի վարձատրությունը
1. Կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունների գումարը:
2. Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում պարտատերերի պահանջների բավարարման չափի առնվազն հինգ տոկոսի չափով: Իսկ ֆինանսական առողջացման ծրագիրը հաջողությամբ ավարտելու և պարտապանի առողջացման դեպքում կառավարչին վճարվում է պարգևավճար՝ ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված կարգով:
3. Կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով`
ա) մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս.
բ) 25-50 միլիոն դրամ` 2.500.000 դրամին գումարած 25 միլիոն դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը.
գ) 50-75 միլիոն դրամ` 4.500.000 դրամին գումարած 50 միլիոն դրամը գերազանցող գումարի 7 տոկոսը.
դ) 75-100 միլիոն դրամ` 6.250.000 դրամին գումարած 75 միլիոն դրամը գերազանցող գումարի 6 տոկոսը.
ե) 100-500 միլիոն դրամ` 7.750.000 դրամին գումարած 100 միլիոն դրամը գերազանցող գումարի 4 տոկոսը.
զ) 500 միլիոն դրամից ավելին` 23.750.000 դրամին գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը:
4. Սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով վաղաժամկետ ազատված կառավարչի աշխատած ժամանակաշրջանին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը` աշխատաժամանակին և կատարած աշխատանքին համապատասխան` աշխատանքային օրենսդրության սկզբունքներից ելնելով։
5. Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
(30-րդ հոդվածը լրաց., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն)