Հոդված 14. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը
Հոդված 14. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը
(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)
1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե`
ա) պարտապանի նկատմամբ առկա է սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ.
բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը սույն օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել:
1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝
ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում.
բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը:
2. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին:
4. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
(14-րդ հոդվածը փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)
⚖Հոդված 15. Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը վերադարձնելը
(վերնագիրը խմբ. 17.06.16 ՀՕ-105-Ն)
1. Դատավորը վերադարձնում է սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումը, եթե`
ա) չեն պահպանվել սույն օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջները, և դատավորը հիմնավոր չի համարել համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինությունը.
բ) մեկ դիմումում միացված են մի քանի պարտապաններին սնանկ ճանաչելու վերաբերյալ պահանջներ, բացառությամբ եթե պարտապաններն ամուսիններ են և դիմողի նկատմամբ օրենքի ուժով համապարտ են.
գ) քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
1.1. Դատավորը վերադարձնում է սնանկության վերաբերյալ դիմումը, եթե պարտապանը ներկայացրել է սնանկության վտանգի մասին դիմում, բացառությամբ սույն օրենքի 15.6-րդ հոդվածով նախատեսված դեպքի:
2. Դիմումը վերադարձնելու մասին դատավորը որոշում է կայացնում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
3. Դիմումը վերադարձնելն արգելք չէ թույլ տված խախտումները վերացնելուց հետո կրկին դատարան դիմելու համար:
4. Դիմումը վերադարձնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում։
5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։
(15-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 22.12.10 ՀՕ-13-Ն, խմբ., լրաց. 17.06.16 ՀՕ-105-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն)