Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը
Հոդված 6. Պարտատիրոջ կամ այլ անձանց` դատարան դիմելու պարտականությունը
1. Հայաստանի Հանրապետության և համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետևյալ դեպքերում և ժամկետներում`
ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաև համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում:
2. Եթե կատարողական վարույթի (վարույթների) ընթացքում պարզվում է, որ պարտապանի նկատմամբ բոլոր գույքային պահանջների չափը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի ավելի քան երկուհազարապատիկի չափով գերազանցում է պարտապանի՝ «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բռնագանձման ենթակա գույքի արժեքը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է կասեցնել կատարողական վարույթը (վարույթները) 90 օր ժամկետով և կատարողական վարույթի կողմերին ծանուցել պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավունքի մասին:
Սույն մասի իմաստով գույքի արժեքը որոշվում է ըստ դրա շուկայական արժեքի, իսկ իրացման ներկայացված լինելու դեպքում՝ ըստ առաջիկա իրացման մեկնարկային գնի։ Պահանջների չափի մեջ հաշվարկվում են նաև կատարողական ծախսերը և գույքի իրացումից ծագող հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարների պարտավորությունները:
3. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների սահմանված ժամկետում սնանկության դիմում չներկայացնելու դեպքում դրանք ներկայացնում են դատախազության մարմինները` սույն օրենքով սահմանված կարգով, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաև այն դեպքերի, երբ առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին կառավարության որոշումը:
4. Սույն հոդվածով նախատեսված պետական մարմինները և պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել պահանջից, եթե պարտավորության կատարման հետևանքով դրա չափը նվազել է սույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված չափից:
5. Սույն հոդվածի առաջին մասում նշված պետական մարմինների կողմից սնանկության դիմում կարող է չներկայացվել, եթե առկա է տվյալ անձին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) որոշումը:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-298-Ն, փոփ. 12.12.19 ՀՕ-294-Ն, 18.09.20 ՀՕ-445-Ն, լրաց. 16.01.24 ՀՕ-22-Ն, խմբ. 11.04.24 ՀՕ-192-Ն)
(18.09.20 ՀՕ-445-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(11.04.24 ՀՕ-192-Ն օրենքն ունի անցումային դրույթ)