Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-01-01-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
Գլուխ 9 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 74. Կառավարչի հաշվետվությունը պարտապանի գործունեության վերսկսման դեպքում

1. Կառավարիչը պարտավոր է յուրաքանչյուր ամիս դատարան ներկայացնել հաշվետվություն` պարտապանի վերսկսած գործունեության վերաբերյալ:

2. Կառավարչի հաշվետվությունները պարտատերերի ժողովում կամ խորհրդում քննարկվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

3. Եթե պարտապանի գործունեության վերսկսման արդյունքում բավարարվում են պարտատերերի բոլոր պահանջները, ապա կառավարիչը դատարան է ներկայացնում վերջնական հաշվետվություն, որում պարունակվում է հիմնավորված միջնորդություն գործն ավարտելու մասին: Կառավարչի վերջնական հաշվետվությունը պետք է պարունակի ամփոփ տեղեկատվություն պարտապանի ակտիվների հավաքման վերաբերյալ: Հաշվետվությանը կցվում է պարտապանի վերջնական հաշվեկշիռը:

4. Դատարան ներկայացվող պարտապանի վերջնական հաշվեկշռին կցվում են`

ա) պարտատերերի պահանջների գրանցամատյանը` նշելով բավարարված պահանջները.

բ) պարտատերերի պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերը:

5. Վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը դատարան ներկայացնելու մասին կառավարիչը ծանուցում է բոլոր պարտատերերին` առաջարկելով տասնօրյա ժամկետում ծանոթանալ այդ փաստաթղթերի` իր մոտ դեպոնացված օրինակին, որից հետո վերջնական հաշվեկշիռը և հաշվետվությունը ներկայացնում է դատարան:

6. Դատավորը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու քննում է գործն ավարտելու մասին միջնորդությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ կողմերի միջնորդության հիման վրա գալիս է այն եզրահանգման, որ միջնորդության քննարկումն անհրաժեշտ է իրականացնել դատական նիստում:

6.1. Միջնորդությունը դատական նիստում քննարկելու անհրաժեշտության դեպքում դատարանը վերջնական հաշվեկշիռն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15, և ոչ շուտ, քան 10 օրվա ընթացքում նշանակում է նիստ` այդ մասին առնվազն երեք օր առաջ ծանուցելով կառավարչին և պարտատերերին: Եթե պարտատերերի թիվը 10-ից ավելի է, ապա նրանց համար պատշաճ ծանուցում է համարվում իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում նիստի վայրի և ժամանակի մասին հրապարակված հայտարարությունը: Որևէ պարտատիրոջ չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

7. Դատավորը, հաստատելով վերջնական հաշվեկշիռը, վճիռ է կայացնում լուծարման վարույթը դադարեցնելու և պարտապանի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին: Հակառակ դեպքում դատարանը մերժում է վերջնական հաշվեկշռի հաստատումը և գործն ավարտելու միջնորդությունը` նշելով մերժման պատճառները:

(74-րդ հոդվածը լրաց., խմբ. 23.12.22 ՀՕ-580-Ն)

&#9878Հոդված 75. Պարտապանի գույքի վաճառքը

1. Պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով:

1.1. Գույքի վաճառքի ծրագիրը պետք է ներառի պարտապանի ամբողջ գույքի, ներառյալ՝ պահանջի իրավունքների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ (անվանումները, նկարագրությունը, քանակը, հաշվեկշռային արժեքը), վաճառքի նախատեսվող ձևը, նախնական գնահատված արժեքները` ըստ գույքի տեսակի։ Գույքի վաճառքի ծրագիրը պարտատերերի խորհրդի կամ ժողովի կողմից չհաստատվելու դեպքում կառավարիչը դիմում է դատարան՝ միջնորդելով հաստատել գույքի վաճառքի ծրագիրը` կցելով պարտատերերի ժողովի կամ խորհրդի որոշումները կամ ժողովի կամ խորհրդի նիստի անցկացման անհնարինության (չկայացման) հիմքերը։ Ծրագրի փոփոխությունները կատարվում են ծրագրի ընդունման համար սահմանված կարգով։

2. Պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

2.1. Եթե սույն օրենքի 39.1-ին հոդվածով սահմանված կարգով ապահովված իրավունքի առարկայի իրացումը թույլատրելու և պահանջի չափը հաստատելու մասին որոշման առկայության դեպքում ապահովված պարտատերը դեռևս չի սկսել ապահովված իրավունքի առարկայի իրացման, այդ թվում` դատական բռնագանձման գործընթաց, իսկ պարտապանը չունի գույք, և առկա են դեռևս չբավարարված պահանջներ, ապա կառավարիչը վերջին գույքի իրացումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, դիմում է դատարան` ապահովված իրավունքի առարկան վաճառելու միջնորդությամբ:

3. Ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման դեպքում պարտապանի գույքի վաճառքն իրականացվում է այդ ծրագրով նախատեսված կարգով:

4. Վճարահաշվարկային կազմակերպություններին պատկանող գույքի` սույն օրենքով սահմանված վաճառքի կամ այլ ձևով օտարման, վարձակալության տալու կամ գրավադրման առանձնահատկությունները սահմանվում են «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ֆոնդի մասնակից պարտապանի` ֆոնդի ակտիվներում ունեցած բաժնի վաճառքն իրականացվում է նրան պատկանող այդ ֆոնդի (բացառությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի) փայը (փայերը) օրենքով սահմանված կարգով օտարելու միջոցով:

(75-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-256-Ն, 17.06.16 ՀՕ-105-Ն, 12.12.19 ՀՕ-294-Ն, փոփ. 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

&#9878Հոդված 76. Լուծարման ընթացքում պարտապանին պատկանող գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով

1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին սույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը:

Միջնորդությանը կից ներկայացվում է գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը):

2. Պարտատերերն իրավունք ունեն հրապարակային սակարկություններով պարտապանի գույքի վաճառքը թույլատրելու մասին կառավարչի միջնորդության դեմ յոթնօրյա ժամկետում գրավոր առարկություն ներկայացնելու դատարան և առաջարկելու աճուրդի ավելի բարձր մեկնարկային գին` գույքի վաճառքի իր կողմից առաջարկվող մեկնարկային գնի 5 տոկոսի, բայց ոչ ավելի, քան հինգ միլիոն դրամի չափով դեպոզիտ վճարելով սնանկության հատուկ հաշվին: Առարկությանը կցվում է դեպոզիտի վճարումը հավաստող փաստաթուղթը: Եթե առարկություն են ներկայացրել մեկից ավելի պարտատերեր, ապա հրապարակային սակարկություններով գույքի իրացումը թույլատրվում է առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով: Եթե առաջարկվող ամենաբարձր մեկնարկային գնով հայտարարված աճուրդը չի կայանում, ապա գույքը վաճառքի է ներկայացվում հաջորդ՝ ամենաբարձր մեկնարկային գնով, և այս կարգով աճուրդներ են կազմակերպվում այնքան ժամանակ, քանի դեռ գույքը վաճառքի չի ներկայացվել ամենացածր մեկնարկային գինը ներառող առարկությամբ առաջարկված մեկնարկային գնով։ Եթե պարտապանի գույքը առարկություն ներկայացրած պարտատիրոջ առաջարկած գնով աճուրդի ներկայացվելու դեպքում չի վաճառվել, ապա այդ պարտատիրոջ վճարած դեպոզիտի գումարը չի վերադարձվում:

3. Կառավարչի միջնորդության դեմ առարկություն ներկայացնելու ժամկետի ավարտից հետո` եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով թույլատրելու, գույքն այդ կարգով չվաճառվելու դեպքում այն կառավարչի միջնորդությամբ սահմանված կարգով վաճառելու մասին, եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացվել է առնվազն մեկ առարկություն.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել սույն օրենքով սահմանված պահանջները:

4. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում կառավարչի կողմից գույքի իրացումը հրապարակային սակարկություններով (կրկնաճուրդ) շարունակելու վերաբերյալ դատարանի լրացուցիչ որոշում չի պահանջվում:

Կառավարչի միջնորդությամբ, դատարանի որոշմամբ ընդհատվում է հրապարակային սակարկություններով գույքի իրացումը, եթե տեղի է ունեցել վաճառվող գույքի կազմի (նախորդ աճուրդների նկատմամբ), ինչպես նաև շուկայական գների կտրուկ փոփոխություն, կամ եթե ապահովված պարտատերը կամ գրավատուն օրենքով սահմանված կարգով օգտվել է սույն օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ կամ 10-րդ մասով սահմանված իր իրավունքներից, կամ եթե դատարանի որոշմամբ հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա գույքի վերաբերյալ դատարանը կայացնում է ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, կամ սույն օրենքով սահմանված կարգով տվյալ գույքը ենթակա է իրացման այլ սնանկության վարույթի շրջանակներում:

Հրապարակային սակարկություններով գույքի իրացումն ընդհատելու մասին դատարանի որոշման վերաբերյալ կառավարիչն անհապաղ տեղեկացնում է ամենախոշոր 5 պարտատերերին:

Պարտապանի գույքի հրապարակային սակարկություններով իրացումն ընդհատվելու դեպքում այն կրկին հրապարակային սակարկություններով կարող է իրացվել սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով տրված դատարանի որոշմամբ:

5. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին:

Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:

Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 15 օր հետո` օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

6. Երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց, որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատերի մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է։

7. Կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ։

8. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:

9. Սնանկության գործով հրապարակային սակարկությունների համար նախատեսված կայքում հրապարակվում է հրապարակային սակարկություններով վաճառքի ենթակա ողջ գույքի ցանկը:

9.1. Սնանկության գործով հրապարակային սակարկություններին չեն կարող մասնակցել`

1) սակարկությունների կազմակերպիչ կառավարիչը.

2) սակարկությունների կազմակերպիչ կառավարչի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը, ինչպես նաև սակարկությունների կազմակերպիչ կառավարչի ամուսնու ծնողները, տատը, պապը, եղբայրները և քույրերը.

3) այն անձինք, որոնք սակարկություններով վաճառվող լոտի նկատմամբ չեն կարող ունենալ սեփականության իրավունք:

9.2. Սակարկությունների արդյունքով վաճառված գույքի առուվաճառքի պայմանագրեր կնքելիս պայմանագրերի էական պայմանները պետք է համապատասխանեն սակարկությունների մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված պայմաններին:

10. Եթե աճուրդով կամ ուղղակի վաճառքով իրացվել է գույք, կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվել է պարտատիրոջը, ապա գույքի իրացումը թույլատրելու մասին դատարանի որոշումը և գույքի առք ու վաճառքի պայմանագիրը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:

11.

(76-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, փոփ. 21.12.17 ՀՕ-298-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.12.19 ՀՕ-294-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածի 11-րդ մասը 16.01.24 ՀՕ-27-Ն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի գործարկման վերաբերյալ արդարադատության նախարարության հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից)

&#9878Հոդված 77. Պարտապանին պատկանող գույքի վաճառքն ուղղակի գործարքով

1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Խորհրդի կամ ժողովի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատարան: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:

Դատավորն առանց դատական նիստ հրավիրելու որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ այն մերժելու մասին:

Դատավորը մերժում է միջնորդությունը, եթե առկա է խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն չտալու մասին:

1.1. Կառավարիչը պարտապանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա չհանդիսացող գույքում պարտապանի բաժինը այդ գույքի շուկայական գնահատված գնի՝ պարտապանի բաժնին համապատասխան արժեքով գնելու վերաբերյալ ծանուցում է ուղարկում այդ գույքի համասեփականատերերին։

Եթե գույքի բոլոր համասեփականատերերը կառավարչին են ներկայացնում պարտապանի բաժինը առաջարկված գնով բոլոր համասեփականատերերի կամ նրանցից մեկի կամ մի քանիսի կողմից գնման վերաբերյալ համաձայնություն և կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ ապացույց, ապա կառավարիչը այդ մասին տեղեկացնում է պարտապանին և պարտատերերին և դատարան է ներկայացնում գույքում պարտապանի բաժինը համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդություն։

Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու ցանկություն հայտնում են ոչ բոլոր համասեփականատերերը, համաձայնությանը կից ներկայացնելով ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա գույքում պարտապանի բաժինը ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն ստանալու մասին միջնորդությունը դատարան կարող է ներկայացվել միայն գույքում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ համասեփականատերերի ծանուցվելուց մեկ ամիսը լրանալուց հետո։

Միջնորդությանը կից դատարան են ներկայացվում գույքի գնահատման ակտը (անկախ գնահատողի կողմից գնահատված լինելու դեպքում` եզրակացությունը), կառավարչի կողմից համասեփականատերերին ուղղված ծանուցումը, նրանց ծանուցված լինելու ապացույցները, գնելու ցանկություն հայտնած համասեփականատիրոջ (համասեփականատերերի) անձնագրերի պատճենները, համասեփականատերերի առկա համաձայնությունները, սնանկության հատուկ հաշվեհամարին ծանուցմամբ նշված գումարի վճարված լինելու ապացույցը, միջնորդությունը դատարան ներկայացնելու մասին պարտապանին և պարտատերերին ծանուցելու ապացույցները։

Դատարանը միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, կայացնում է միջնորդությունը բավարարելու և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքում պարտապանի բաժինը գույքի համասեփականատիրոջը (համասեփականատերերին) ուղղակի վաճառքով վաճառելու թույլտվություն տալու մասին որոշում, եթե միջնորդությունը ներկայացվել է սույն մասին համապատասխան։

Եթե պարտապանի բաժինը առաջարկված գնով գնելու մասին ծանուցվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, գույքի համասեփականատերերից առնվազն մեկը ցանկություն չի հայտնում պարտապանի բաժինը գնելու վերաբերյալ կամ չի ներկայացնում ապացույց կառավարչի առաջարկած վաճառքի գնի չափով գումարը սնանկության հատուկ հաշվեհամարին մուտքագրված լինելու վերաբերյալ, ապա կառավարիչը հայցադիմում է ներկայացնում սնանկության գործը վարող դատարան՝ գույքում պարտապանի բաժինն առանձնացնելու, առանձնացման անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և վաճառքից ստացված գումարը համասեփականատերերի միջև իրենց բաժիններին համապատասխան բաշխելու պահանջի մասին։

Անբաժանելի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին դատարանի վճիռը հիմք է գույքը կառավարչի կողմից հրապարակային սակարկություններով վաճառման համար:

2. Պարտապանի` տվյալ պահին առկա գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում ժողովի հրավիրումը պարտադիր չէ, բացառությամբ եթե վաճառվող գույքի արժեքը հինգ միլիոն դրամից ավելի է:

3. Կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ փոխկապակցված անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքն արգելվում է:

(77-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-13-Ն, 16.01.24 ՀՕ-27-Ն)

(16.01.24 ՀՕ-27-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։