Հոդված 182.3. Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը
Հոդված 182.3 Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելը
1. Արտակարգ դրության տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
2. Արտակարգ դրության ժամանակ ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
3. Արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Արտակարգ դրության ժամանակ գործադուլների և իրավաբանական անձանց գործունեությունը կասեցնող կամ դադարեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
5. Արտակարգ դրության ժամանակ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
6. Արտակարգ դրության ժամանակ վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության նկատմամբ հատուկ պետական վերահսկողությանը խոչընդոտելը կամ այդ կազմակերպությունների կողմից այն գործունեությունն իրականացնելը, որը կասեցվել է`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
7. Արտակարգ դրության ժամանակ պարետային ժամի սահմանված կարգը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով:
8. Զանգվածային լրատվամիջոցների կողմից արտակարգ դրության ժամանակ արգելված հրապարակումների, հաղորդումների թողարկումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:
9. Արտակարգ դրության ժամանակ զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելքը, ինչպես նաև թմրամիջոցների ու հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների և պատրաստուկների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:
(182.3 - րդ հոդվածը լրաց. 21.03.12 ՀՕ-107-Ն, 06.12.17 ՀՕ-242-Ն)