Հոդված 150.2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը
Հոդված 150.2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուները օգտագործելը ոռոգման նպատակով, երթևեկամասի և կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը և աղտոտումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասով և բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ինքնակամ պլակատներ, ցուցանակներ, ազդագրեր կամ այլ առարկաներ տեղակայելը, որոնք չեն պարունակում ճանապարհային նշանների տարրեր կամ պարունակում են գովազդի տարրեր`
առաջացնում է նախազգուշացում:
Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
(150.2- րդ հոդվածը լրաց. 05.12.06 ՀՕ-241-Ն, խմբ., լրաց. 01.03.18 ՀՕ-142-Ն)