Հոդված 20. Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը
Հոդված 20. Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը հանձնելը
Վարչական իրավախախտում կատարած անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից, և նյութերը հանձնվում են ընկերական դատարանի, հասարակական կազմակերպության կամ աշխատավորական կոլեկտիվի քննությանը, եթե հաշվի առնելով կատարված իրավախախտման բնույթը և իրավախախտողի անձը, նրա նկատմամբ նպատակահարմար է կիրառել հասարակական ներգործության միջոց:
Սույն օրենսգրքի 126, 129, 133, 159, 163, 174-177 հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվությունից սույն հոդվածի առաջին մասում նշված հիմունքներով ազատված անձանց վերաբերյալ նյութերը կարող են հանձնվել նաև ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովի քննությանը:
Սույն օրենսգրքի 53, 126, 129, 133, 159, 163, 165, 172, 174-177 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ կիրառված հասարակական ներգործության միջոցների մասին ադմինիստրացիան, ձեռնարկությունում, հիմնարկում, կազմակերպությունում և դրանց կառուցվածքային ստորաբաժանումներում ստեղծված հարբեցողության դեմ պայքարի հանձնաժողովը, ընկերական դատարանը կամ հասարակական կազմակերպությունը պարտավոր են նյութերն ստանալու օրվանից սկսած տասնօրյա ժամկետում հայտնել նյութերն ուղարկող մարմնին (պաշտոնատար անձին):
⚖Հոդված 21. Նվազ նշանակություն ունեցող իրավախախտման դեպքում վարչական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը
Եթե կատարված վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, գործը վճռելու համար լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) կարող է խախտողին ազատել վարչական պատասխանատվությունից և բավարարվել բանավոր դիտողությամբ:
Այն դեպքերում, երբ ճանապարհային երթևեկության կանոնի խախտումն ամրագրվել է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգը կարող է կիրառվել նաև վերադասության կարգով բողոքարկման վարույթի ընթացքում:
(21-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-78-Ն)