Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը
Հոդված 348. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունը
1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով հարկային մարմինը հարկ վճարողի դիմումի հիման վրա իրականացնում է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրություն:
2. Հարկ վճարողի մոտ սույն հոդվածով սահմանված յուրաքանչյուր ուսումնասիրության ժամկետը ուսումնասիրության հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր` սկսած հարկ վճարողի դիմումը հարկային մարմնի կողմից ստանալու օրվանից: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` ներկայացնելով հրամանի պատճենը ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ուսումնասիրության ժամկետի ավարտի օրը:
3. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրությունն իրականացվում է Օրենսգրքի 343-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տրված հանձնարարագրի հիման վրա: Ուսումնասիրության հանձնարարագրի երկու օրինակներն Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով համալիր հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու եղանակներով ուսումնասիրությունն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին՝ ծանոթացման: Հարկ վճարողը ուսումնասիրության անցկացման մասին ծանուցված է համարվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում: Հանձնարարագիրն ստորագրելուց ու ստանալուց հրաժարվելու դեպքում հանձնարարագրի՝ հարկային մարմնի կնքած պատճենը հարկ վճարողին է ուղարկվում Օրենսգրքի 339-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով:
4. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքը, Օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում, հանձնարարագիր տվող պաշտոնատար անձի հրամանով կարող է կասեցվել նույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված ժամկետներով: Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության ընթացքի կասեցումը, կասեցման ժամկետի երկարաձգումը, կասեցված ուսումնասիրության վերսկսելը կատարվում են Օրենսգրքի 341-րդ հոդվածով հարկային ստուգումների համար սահմանված կարգով ու ժամկետներում:
5. Ուսումնասիրության ընթացքում ճշտվում են՝
1) նախորդ ուսումնասիրությունների արդյունքներով չհիմնավորված գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց վերաբերող գործարքների մասով ուսումնասիրության ժամկետը կասեցվել է.
2) հարկ վճարողի ներկայացրած` ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում ներառված տվյալների արժանահավատությունը.
3) ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների իրացման շրջանառությունը.
4) ձեռքբերումների գծով հարկային հաշիվների համապատասխանությունը Օրենսգրքի պահանջներին.
5) Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածությունը:
6. Ուսումնասիրության արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները համարվում են չհիմնավորված, եթե դրանք վերագրվում են Օրենսգրքի 72-րդ և 93-րդ հոդվածներով սահմանված` հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումներին: Սույն մասում նշված գումարների հաշվանցումը համարվում է չհիմնավորված միայն այդ մասով:
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված` ԱԱՀ-ի և (կամ) ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի մեծության որոշման ժամանակ ուսումնասիրությամբ չհիմնավորված գումարները, ինչպես նաև այն գումարները, որոնց հիմնավորվածության վերաբերյալ ուսումնասիրությունները կամ ստուգումները սահմանված կարգով կասեցվել են, հաշվի չեն առնվում:
8. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, ինչպես նաև Օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով սահմանված գործարքների իրականացման դեպքում ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հաշվարկն իրականացվում է ըստ հաշվետու ժամանակաշրջանների, իսկ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հաշվարկն` այդ ժամկետի դրությամբ:
9. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով միասնական հաշվին մուտքագրման ենթակա է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում այդ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը:
10. Կառավարության սահմանած չափանիշներին բավարարող հարկ վճարողների կողմից ներկայացված՝ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվում է Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով և ժամկետներում:
11. Ուսումնասիրության արդյունքում Օրենսգրքի 343-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետներում ու կարգով կազմվում և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված ձևով ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրության նախագիծը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով ու ժամկետներում կազմվում և հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին է ներկայացվում ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը: Օրենսգրքի 343-րդ հոդվածի 14-րդ մասի 10-րդ կետով սահմանված դրույթներն արձանագրությունում (նախագծում) ներառվում են միայն նույն հոդվածի 5-րդ մասի 6-րդ կետով սահմանված դեպքում:
12. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարները կարող են հիմնավորվել նաև համալիր հարկային ստուգումների ընթացքում:
(348-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն)