Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-08-16-ից մինչև 2021-09-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 75 · ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 394. Դրոշմավորման կանոնները

գործել է մինչև 2021-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 394. Դրոշմավորման կանոնները

1. Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է Օրենսգրքի 393-րդ հոդվածին համապատասխան ստացված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները դրոշմավորման ենթակա ապրանքների վրա փակցվելու միջոցով:

2. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են միայն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն:

3. Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են յուրաքանչյուր դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին` սույն հոդվածի և Օրենսգրքի 393-րդ հոդվածի համաձայն, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

ԱՏԳ ԱԱ 0207 և 0210 ծածկագրերին դասվող՝ ընտանի թռչունների պաղեցված կամ սառեցված մսի դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում՝ գրանցումներում ճշգրտումները) կարող են իրականացվել յուրաքանչյուր արկղի համար:

4. Դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ Օրենսգրքի 391-րդ հոդվածի 6-րդ մասում նշված հարկ վճարողները ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ օտարման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

5. Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող հարկ վճարողներն ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծողի ընտրած տարածքում, բայց ոչ ուշ, քան մինչև այդ ապրանքների օտարումը:

6. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորումն իրականացվում է մինչև այդ ապրանքների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը, բացառությամբ սույն մասով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների, ինչպես նաև սիգարների կամ մինչև 25000 շիշ ալկոհոլային խմիչքների դրոշմավորումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության տարածքում` մինչև մաքսային ձևակերպումների իրականացումը` մաքսային հսկողության ներքո:

Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ ԱՏԳ ԱԱ 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած ապրանքների դրոշմավորումն իրականացնում է օրենքով սահմանված՝ հրապարակային սակարկությունների կազմակերպիչը:

7. Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին), տարողությանը (ծավալին, քաշին կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորին) և էլեկտրոնային եղանակով գրանցված սերիային ու համարին, իսկ ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում` նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարին և դրանում դեղի հերթական համարին:

8. Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանում է Կառավարությունը:

Օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում նշված՝ ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0406, 1601, 1602, 1603, 1604 և 1605 ծածկագրերին դասվող ապրանքատեսակների՝ էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի և օտարման պահին փաստացի քաշի միջև առկա դրական տարբերությունը չի համարվում ապրանքների դրոշմավորման կանոնների խախտում, եթե այդ տարբերությունը չի գերազանցում էլեկտրոնային եղանակով գրանցված քաշի 10 տոկոսը:

9. Արգելվում է ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ հարկ վճարողների, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» (ԵՏՄ անդամ պետությունների մասով` «մաքսային տարանցում») մաքսային ընթացակարգերով արտահանված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելու, Օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասում նշված` պատվիրատուի կողմից դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող հարկ վճարողներին փոխանցելու, ինչպես նաև դրոշմավորման ծառայություն (գործողություն) մատուցող հարկ վճարողներին փոխանցելու դեպքերի:

(394-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, 01.06.20 ՀՕ-281-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։