Հոդված 40. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը
Հոդված 40. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման պահը
1. Հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը:
2. Գույքը վարձակալության կամ լիզինգի (տարատեսակների) տրամադրելու (եթե պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին կամ եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսվում է, որ այդ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին` լիզինգի (տարատեսակների) պայմանագրով ստացման ենթակա տոկոսի գումարների մասով) կամ գույքը օգտագործման տրամադրելու ծառայությունների մատուցման պահ է համարվում համապատասխան հարկատեսակի համար յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված է, որ ծառայության մատուցումն ավարտվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, ապա ծառայության մատուցման պահ է համարվում ծառայության մատուցման վերջին օրը:
2.1. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին մասով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին էլեկտրոնային ծառայությունների մատուցման պահ է համարվում մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը՝ վճարմանը և (կամ) մասնակի վճարմանը համապատասխան:
3. Բաժանորդագրային հիմունքներով մատուցվող ծառայությունների (մասնավորապես, համակարգչային ծրագրերից, տվյալների բազաներից, արտոնագրերից, լիցենզիաներից, ծանուցումներից, թույլտվություններից, առևտրային նշաններից, ապրանքային նշաններից, հեղինակային իրավունքներից և համանման այլ իրավունքներից օգտվելու ծառայությունների) մատուցման պահ է համարվում յուրաքանչյուր ամսվա վերջին օրը, իսկ եթե այդ ծառայությունների մատուցման պայմանագրերում նախատեսված են ծառայությունների մատուցման այլ ժամկետներ (փուլեր), ապա այդ ծառայությունների մատուցման պահ է համարվում այդ ժամկետների (փուլերի) վերջին օրը:
4. Եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ, ապա սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում սույն մասում նշված առավել վաղ առաջացող պահը.
1) այն պահը, երբ՝
ա. աշխատանք կատարողը աշխատանքի կատարման արդյունքի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է աշխատանքն ընդունողին,
բ. ծառայություն մատուցողն ավարտում է ծառայություն ստացողի օգտին գործողության իրականացումը (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի),
գ. ծառայություն մատուցողը ոչ նյութական ակտիվի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցում է ծառայություն ստացողին.
2) աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունը ստացողը հաստատում է աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի մասով աշխատանք կատարողի և (կամ) ծառայություն մատուցողի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը:
5. Եթե սույն հոդվածի 1-3-րդ մասերում չնշված աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահը հնարավոր չէ որոշել սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով, ապա այդ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման պահ է համարվում՝
1) այն պահը, երբ աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրին համապատասխան, իրավունք է ձեռք բերել, չվերադարձնելով նախկինում ստացված` աշխատանքի չկատարված մասին և (կամ) ծառայության չմատուցված մասին համապատասխանող գումարը (բացառությամբ օրենքով նախավճար համարվող գումարի), դադարեցնել աշխատանքի կատարումը և (կամ) ծառայության մատուցումը.
2) այն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը, որում ակնհայտ է դարձել, որ աշխատանք ընդունողը և (կամ) ծառայություն ստացողը առնվազն տվյալ հաշվետու ժամանակաշրջանում արդեն իսկ ընդունել է այդ աշխատանքը և (կամ) ստացել է այդ ծառայությունը, իսկ աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պայմանագրով նախատեսված դեպքում` տվյալ փուլով նախատեսված աշխատանքը և (կամ) ծառայությունը:
(40-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 18.06.20 ՀՕ-321-Ն, լրաց. 17.11.21 ՀՕ-359-Ն)