Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-03-14-ից մինչև 2025-04-01։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 78 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 434. Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելը

գործել է մինչև 2025-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 434. Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելը

1. Հարկ վճարողի բանկային հաշիվների բացակայության կամ հարկային պարտավորությունները մարելու համար դրանցում առկա դրամական միջոցների անբավարար լինելու դեպքում հարկային մարմինը հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա դնում է արգելանք՝ հարկային պարտավորությունը չգերազանցող գումարի չափով:

2. Հարկ վճարողի դրամարկղում ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը հարկ վճարողին ներկայացնելու օրը որոշումն ընդունած հարկային մարմնի պաշտոնատար անձը գույքագրում է հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցները և դրանք, ինչպես նաև արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող կանխիկ դրամական միջոցներն արձանագրությամբ ի պահ է հանձնում հարկ վճարողին: Հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների՝ արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածում որոշում կայացրած հարկային մարմնի պաշտոնատար անձն իրավունք ունի ցանկացած ժամանակ գույքագրելու դրամարկղում դրամական միջոցների առկայությունը, ինչպես նաև մուտքագրված և ելքագրված դրամական միջոցների շարժը, որի արդյունքներով կազմվում է արձանագրություն: Դրամարկղում կանխիկ դրամական միջոցների կամ կանխիկ դրամական միջոցների շարժի գույքագրման արձանագրության ձևը սահմանում է հարկային մարմինը, որում նշվում են գույքագրման ամսաթիվը, ժամանակահատվածը, արգելանքի տակ գտնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, մուտքագրված դրամական միջոցների արժեքը և դրանց ստացման աղբյուրը, ելքագրված դրամական միջոցների արժեքը և ծախսման ուղղությունները, ի պահ հանձնվող դրամական միջոցների արժույթը, արժեքը, քանակը, գույքագրման ընթացքում դրամարկղային գործառնությունների կատարման դադարեցման ժամանակահատվածը, նշում՝ արգելանքի կիրառման ժամանակահատվածում հարկային պարտավորությունների սահմանում դրամարկղ մուտքագրվող դրամական միջոցների արգելանքի տակ գտնվելու և ի պահ ընդունելու վերաբերյալ, գույքագրմանը մասնակցող անձանց տվյալներն ու ստորագրությունները: Նշված արձանագրությունները հարկ վճարողի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշման անբաժանելի մասն են:

3. Դրամարկղում հարկ վճարողի ունեցած կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում պետական և համայնքային բյուջեներ կատարվող վճարումների վրա, և հարկ վճարողն իրավունք ունի դրամարկղում առկա դրամական միջոցներից պետական և համայնքի բյուջեներ վճարումներ կատարելու:

4. Հարկ վճարողի բանկային հաշվին մուտքագրված դրամական միջոցների նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 433-րդ հոդվածով նախատեսված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ դրույթները:

(434-րդ հոդվածը խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 28.02.24 ՀՕ-104-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։