Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-04-08-ից մինչև 2025-04-29։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2025-04-29-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸԳլուխ 14 · ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

Հոդված 73. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը

գործել է մինչև 2025-04-29ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 73. Պարտավորությունների ու հաշվանցումների (պակասեցումների) վերաձևակերպման կարգը

1. Եթե ապրանքի ձեռքբերումը կամ ներմուծումը (այդ թվում՝ հիմնական միջոցի կառուցումը), աշխատանքի ընդունումը կամ ծառայության ստացումը (այսուհետ սույն բաժնում՝ ձեռքբերումներ) ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի 20 կամ 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքներին (այսուհետ սույն բաժնում՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքներ) կամ հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով սահմանված գործարքներին (այսուհետ սույն բաժնում՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը (պակասեցումը) Օրենսգրքով սահմանված կարգով կատարվում է ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

2. Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա`

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝

ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով հարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝

ա. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

բ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

3. Եթե ձեռքբերումներն ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

4. Եթե ձեռքբերումները, որոնց մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարների նվազեցում (ԱԱՀ-ի գումարները Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով միացվել են ձեռքբերումների արժեքին), հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն վերագրվում են ԱԱՀ-ով հարկվող գործարքներին, ապա`

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի), աշխատանքի կամ ծառայության մասով՝

ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրված մասին համապատասխանող արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով,

բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման` հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցով որոշվող հարկի գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, և եթե տվյալ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության՝ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին չվերագրված մասին համապատասխանող հարկման բազայի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի մասով՝

ա. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանում այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օգտագործումը վերագրվել է բացառապես ԱԱՀ-ով հարկվող գործարքներին,

բ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 121-րդ հոդվածով սահմանված չափերով այդ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի համար հաշվարկվող ամորտիզացիոն մասհանման գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի և հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր հարկման բազայի մեջ ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկման բազայի տեսակարար կշռին համապատասխանող գործակցի արտադրյալի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ հիմնական միջոցը կամ ոչ նյութական ակտիվը միաժամանակ վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին,

գ. չհաշվանցված (չպակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

5. Եթե սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարի հաշվանցումը (պակասեցումը) հետաձգվում է Օրենսգրքի 71-րդ հոդվածով սահմանված հիմքերով, ապա այդ գումարների հաշվանցումը (պակասեցումը) կատարվում է դրա իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջաններում՝ հիմք ընդունելով համապատասխան ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները՝ առանց հաշվի առնելու հաշվանցման (պակասեցման) իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների հարկման բազաների տեսակարար կշիռները:

6. ԱԱՀ վճարողների կատարած ձեռքբերումների կորստի դեպքում այդ ձեռքբերումներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման (պակասեցման), եթե այդ կորուստները Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն, հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն: Օրենսգրքի 6-րդ բաժնի համաձայն` կորուստների մեծությունը տարեկան կտրվածքով սահմանված լինելու դեպքում ԱԱՀ-ի յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում կորստի տարեկան նորմայի համեմատությամբ ավել կամ պակաս հաշվարկված ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարը տարեկան արդյունքներով վերահաշվարկվում է տվյալ տարվա ԱԱՀ-ի վերջին հաշվետու ժամանակաշրջանում` տարբերությունը դիտարկելով որպես վերջին հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի հաշվանցվող (պակասեցվող) գումարի ավելացում կամ պակասեցում:

7. ԱԱՀ վճարողների կողմից հիմնական միջոցի լուծարման դեպքում, որի մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:

Սույն մասում նշված հիմնական միջոցը հետագայում որպես նույն նպատակային նշանակության հիմնական միջոց օտարելու դեպքում սույն մասով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցված ԱԱՀ-ի գումարները կրկին ենթակա են վերաձևակերպման` օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հիմնական միջոցի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

8. (մասն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն)

8.1. ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, բացառությամբ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 21-րդ մասին համապատասխան օտարվող` ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի, Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և այդ տրանսպորտային միջոցի համար Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա՝ մատակարարի կողմից դուրս գրված հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի միջև առաջացող ԱԱՀ-ի բացասական տարբերությունը ենթակա չէ հաշվանցման (պակասեցման): Սույն մասով սահմանված՝ չհաշվանցվող (չպակասեցվող) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ տրանսպորտային միջոցի օտարման ամսաթիվը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով:

Այն դեպքում, երբ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որի գործողության ժամկետի ավարտից հետո լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքն անցել է լիզինգառուին, ապա տվյալ տրանսպորտային միջոցն օտարելիս, սույն մասի առաջին պարբերության համաձայն, լիզինգառուի մոտ ԱԱՀ-ի բացասական տարբերության հաշվարկման համար լիզինգի առարկա հանդիսացող՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի ձեռքբերման մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը որոշվում է լիզինգի (տարատեսակների) պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում լիզինգատուի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների հանրագումարով:

9. Եթե ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ կամ Օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվող՝ ապրանքների ներմուծման (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծման) ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրով նախկինում ներկայացված՝ ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային կամ հարկային հայտարարագրում և ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների տարբերությունը նվազեցվում է ներմուծման ճշտված մաքսային կամ հարկային հայտարարագրի գրանցման կամ հարկային մարմին ներկայացման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

10. Եթե ապրանքների ներմուծման գծով մաքսային մարմնի կողմից իրականացվող հետբացթողումային ստուգման արդյունքում ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարները նվազում են, ապա ներմուծման մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարների նվազած մասը նվազեցվում է հետբացթողումային ստուգման ակտի կազմման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

11. Անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու և կամ նոտարի պաշտոնից ազատվելու դեպքում համապատասխանաբար հաշվառումից դուրս գալու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ առկա ակտիվների (բացառությամբ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) գծով նախկինում հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները, իսկ հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների մասով՝ նախկինում հաշվանցված ԱԱՀ-ի գումարների այն մասը, որը համապատասխանում է անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից դուրս գալու կամ նոտարի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքին, հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցվում են մինչև հաշվառումից դուրս գալը կամ մինչև նոտարի պաշտոնից ազատվելը վերջին անգամ որպես ԱԱՀ վճարող հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով: Սույն մասը կիրառվում է նաև այն դեպքում, եթե հաշվառումից դուրս գալու պահին անհատ ձեռնարկատերը համարվում է շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

12. (մասն ուժը կորցրել է 01.03.23 ՀՕ-101-Ն)

13. Հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների մասով սույն հոդվածով սահմանված դեպքերում և կարգով վերաձևակերպումներ (նվազեցումներ) չկատարելը, եթե այն հանգեցրել է հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու, Օրենսգրքի 403-րդ հոդվածի կիրառության իմաստով` համարվում է որպես հարկային հաշվարկում հարկի գումարը պակաս ցույց տալ:

14. Օրենսգրքի համաձայն` ԱԱՀ վճարողների մոտ հարկման ընդհանուր համակարգից հարկման հատուկ համակարգեր տեղափոխվելու օրվա դրությամբ առկա ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարներից նվազեցման՝ տվյալ օրվան նախորդող` ԱԱՀ վճարող համարվելու վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող՝ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով`

1) ապրանքի (բացառությամբ հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի), աշխատանքի կամ ծառայության համապատասխան արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

2) հիմնական միջոցի կամ ոչ նյութական ակտիվի հաշվեկշռային արժեքի նկատմամբ՝ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով:

(73-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ., լրաց. 16.11.23 ՀՕ-358-Ն, փոփ. 01.03.23 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ. 12.06.24 ՀՕ-285-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(12.06.24 ՀՕ-285-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։