Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-04-01-ից մինչև 2026-06-08։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2026-06-08-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 68 · ՀԱՐԿԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ

Հոդված 341. Հարկային ստուգումների ժամկետները

գործել է մինչև 2026-06-08ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 341. Հարկային ստուգումների ժամկետները

1. Հարկ վճարողի մոտ յուրաքանչյուր հարկային ստուգման ժամկետը ստուգման հանձնարարագրով կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում՝ ոչ ավելի, քան 90 անընդմեջ աշխատանքային օր: Ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը, ինչի մասին հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը (Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը) համապատասխան գրառում է կատարում էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված ստուգման հանձնարարագրի կնքված տարբերակի վրա: Թեմատիկ հարկային ստուգումների անցկացման ժամանակ (այդ թվում` հանձնարարագրին ծանոթանալուց և ստանալուց հրաժարվելու դեպքում) ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում հանձնարարագիրը ծանոթացման ներկայացնելու օրը, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները:

2. Հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև տասը անընդմեջ աշխատանքային օրով, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողի մոտ՝ մինչև 75 անընդմեջ աշխատանքային օրով: Տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում հարկային ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 90 անընդմեջ աշխատանքային օրով: Ստուգման ժամկետի երկարաձգման մասին գրավոր տեղեկացվում է հարկ վճարողին` ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը՝ ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ հրամանով ստուգման երկարաձգված ժամկետի ավարտի օրը ներառյալ, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման, երբ գործում են Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով այդ ստուգման հարցերի համար սահմանված առանձնահատկությունները:

3. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա հանձնարարագիրը տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կարող է կասեցվել մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ժամկետներից բացառություն են կազմում՝

1) օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանը ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով.

2) քրեական վարույթ իրականացնող մարմիններ հարցումներ կատարելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև հարցման պատասխանն ստանալը, բայց ոչ ուշ, քան հարցման պատասխանն ստանալու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ.

3) ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մարմնի որոշման կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև դրանք վերադարձնելը, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերադարձնելու օրվան հաջորդող տասներորդ աշխատանքային օրը ներառյալ.

4) բանկային հաշվի քաղվածքն ստանալու վերաբերյալ հարկ վճարողին կատարված հարցման դեպքերը, երբ ստուգման ընթացքը կասեցվում է մինչև բանկային հաշվի քաղվածքն ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) ստանալու օրը ներառյալ, բայց ոչ ավելի, քան 180 օրով:

5. Ստուգման (բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման) ընթացքի կասեցման մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը մինչև հրամանում նշված կասեցման օրվան նախորդող աշխատանքային օրը ներառյալ, բայց ոչ ուշ, քան հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի կամ ստուգման երկարաձգված ժամկետի ավարտին նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքի կասեցման ժամկետի երկարաձգման մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան ստուգման կասեցման վերջին աշխատանքային օրը ներառյալ: Կասեցված ստուգումը վերսկսելու մասին տեղեկացվում է հարկ վճարողին՝ ներկայացնելով հրամանի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը ոչ ուշ, քան ստուգման վերսկսմանը նախորդող աշխատանքային օրը ներառյալ: Ստուգման ընթացքը կասեցնող հրամանում պարտադիր նշվում են ստուգման ընթացքի կասեցման` սույն հոդվածով սահմանված համապատասխան հիմքերը:

6. Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը (որը չի ներառում ստուգման ընթացքի կասեցման ժամանակահատվածը) չի կարող գերազանցել 25 անընդմեջ աշխատանքային օրը, իսկ համալիր հարկային ստուգումների դեպքում՝ ստուգվող ժամանակաշրջանի որևէ հարկային տարվա արդյունքով երեք միլիարդ դրամ և ավելի իրացման շրջանառություն կամ համախառն եկամուտ հայտարարագրած հարկ վճարողների մոտ` 90 անընդմեջ աշխատանքային օրը: Տրանսֆերային գնագոյացման ստուգման փաստացի ժամկետը չի կարող գերազանցել 180 անընդմեջ աշխատանքային օրը:

7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ ստուգման ընթացքը կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու հրամանը տալիս է հանձնարարագիր տվող պաշտոնատար անձը: Հրամանն արձակելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձի կողմից էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ հրամանի տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ներկայացվում է էլեկտրոնային ծանուցման եղանակով և ուժի մեջ է մտնում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

8. Ստուգման ընթացքի կասեցման համար սույն հոդվածով սահմանված վերջնաժամկետները լրանալու օրվան հաջորդող օրվանից ստուգումը համարվում է վերսկսված:

(341-րդ հոդվածը լրաց. 23.03.22 ՀՕ-86-Ն, փոփ., խմբ. 04.03.22 ՀՕ-55-Ն, փոփ. 28.02.24 ՀՕ-95-Ն, լրաց. 28.02.24 ՀՕ-125-Ն)

(28.02.24 ՀՕ-125-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 342. Հարկային ստուգման արդյունքների ամփոփումը

1. Հարկային ստուգումն ավարտվելուց հետո՝ 10, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում` 20 աշխատանքային օրվա ընթացքում, ստուգման արդյունքների ամփոփման հիման վրա, հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, իսկ տրանսֆերային գնագոյացման ստուգման դեպքում պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին անհամապատասխանության, ինչպես նաև հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման խախտումներ հայտնաբերված լինելու դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտի նախագիծ, որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին: Ստուգման արդյունքում խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում սույն մասով սահմանված ժամկետում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) կազմում է (են) ստուգման ակտ (առանց ակտի նախագիծ կազմելու), որն ստորագրում է (են) ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), և այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում է (են) հարկ վճարողին:

2. Հարկ վճարողը ակտի նախագիծն ստացված համարվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով կարող է ներկայացնել առարկություններ ակտի նախագծի վերաբերյալ կամ տեղեկացնել առարկությունների բացակայության մասին: Մինչև սույն մասում նշված ժամկետի ավարտն ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ չստանալու դեպքում ժամկետի ավարտի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա, իսկ առարկություններ ստանալու կամ առարկությունների բացակայության մասին գրավոր տեղեկացվելու դեպքում դրանք ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը կազմում է հարկային մարմնի սահմանած ձևով ստուգման ակտ, որն ստորագրում է ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը և սույն հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում հարկ վճարողին: Եթե հարկ վճարողը նաև պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենն ուղարկվում է համապատասխան պետական կառավարման մարմին:

3. (մասն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն)

4. Ստուգման արդյունքում կազմված ակտում (նախագծում) նշվում են՝

1) ակտի համարը, կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

2) ստուգման հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը.

4) հարկ վճարողի (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում իրավանախորդի (իրավանախորդների) լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրը, ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, ՀՎՀՀ-ն, հաշվառման վայրը.

5) ստուգման փաստացի ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).

6) ստուգմամբ ընդգրկված հարցերը, դրանց մասով ստուգվող ժամանակաշրջանները (սկիզբը և ավարտը).

7) ստուգմամբ ընդգրկված և խախտում հայտնաբերված յուրաքանչյուր հարցի մասով՝

ա. խախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ինչպես նաև այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել (նկարագրական մաս) ստուգման ընթացքը տեսաձայնագրված լինելու դեպքում՝ տեսաձայնագրության վերաբերյալ, ինչպես նաև Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով տեսաձայնագրության մասին հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ,

բ. պատասխանատվության կիրառման և հարկային պարտավորությունների առաջադրման իրավական հիմքերը (պատճառաբանական մաս),

գ. պատասխանատվության կիրառման շարադրանքը, հարկային պարտավորությունների ճշգրտումը, վճարման առաջադրվող հարկային պարտավորությունների հաշվարկը, Օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով անուղղակի եղանակներով հարկային պարտավորությունների հաշվարկն ու վերահաշվարկը (եզրափակիչ մաս).

8) ստուգման հարցով խախտումներ հայտնաբերված չլինելու դեպքում այդ մասին համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

9) հարկ վճարողին հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու դաշտերը.

10) նախագծում` առարկություններ չունենալու մասին գրառում կատարելու համապատասխան դաշտերը.

11) ստուգման ակտում՝ դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, որին կարող է այն բողոքարկվել, ներառյալ՝ դատարանը.

12) ստուգման ակտում՝ նախագծի վերաբերյալ հարկ վճարողի ներկայացրած առարկությունների (որոնք կցվում են ակտին) ընդունման կամ չընդունման վերաբերյալ նշումները:

5. Ստուգման ակտի նախագծին կցվում են՝

1) փորձագիտական եզրակացության՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը՝ ստուգման ընթացքում փորձաքննություն անցկացնելու դեպքում.

2) ուսումնասիրությունների և վերլուծությունների վերաբերյալ տեղեկանքի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, եթե հարկային պարտավորություններն առաջադրվում են անուղղակի եղանակներով հարկ վճարողի հարկման բազաների և հարկային պարտավորությունների գնահատման (վերագնահատման) հիման վրա.

3) խախտումներին ու դրանց արձանագրմանն առնչվող այն փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակները, որոնք պիտանի և անհրաժեշտ են ստուգմամբ հայտնաբերված խախտումների փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար, իսկ տրանսֆերային գնագոյացման դեպքում՝ նաև պարզած ձեռքի հեռավորության տիրույթի և այդ տիրույթի մեդիանայի հաշվարկը, ներառյալ՝ համադրելիության վերլուծության իրականացման համար օգտագործված տեղեկատվության աղբյուրների մասին տեղեկությունը:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված փաստաթղթերը համարվում են ստուգման ակտի անբաժանելի մաս:

7. Հարկային ստուգմամբ հայտնաբերված խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել: Վերստուգումների դեպքում կազմվող ստուգման ակտում (նախագծում) նախկին ստուգման ընթացքում ըստ ստուգման հարցերի արձանագրված խախտումների կամ հարկային պարտավորությունների փոփոխության բացակայության դեպքում դրանք շարադրվում են նույնությամբ, իսկ փոփոխությունների դեպքում ստուգման հարցերով հայտնաբերված խախտումները շարադրվում են նոր խմբագրությամբ` հաշվի առնելով Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման վաղեմության ժամկետները: Վերստուգվող ժամանակաշրջաններում վերստուգմամբ հայտնաբերված նոր խախտումների մասով հարկային պարտավորություններ ակտում (նախագծում) կարող են առաջադրվել, եթե վերստուգման ակտի նախագիծը կազմելու ամսաթվին Օրենսգրքով հարկային պարտավորությունների առաջադրման համար սահմանված վաղեմության ժամկետը չի լրացել:

8. Հարկային ստուգումների դեպքում`

1) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն)

2) ակտի (նախագծի)՝ այն ստորագրելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին ծանոթացման է ներկայացվում էլեկտրոնային ծանուցման եղանակով: Ակտը (նախագիծը) համարվում է հարկ վճարողին հանձնված հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջում նշված փաստաթղթերը տեղադրելու օրվանից: Սույն մասով սահմանված կարգով ակտը (նախագիծը) ուժի մեջ է մտնում հարկ վճարողին հանձնված համարվելու օրվան հաջորդող օրվանից:

3) (կետն ուժը կորցրել է 04.03.22 ՀՕ-55-Ն)

(342-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 23.03.22 ՀՕ-86-Ն, փոփ., խմբ. 04.03.22 ՀՕ-55-Ն, լրաց. 28.02.24 ՀՕ-95-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։