Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը
Հոդված 36.1. Պետական տուրքի պարտավորությունների հաշվառումը
1. Պետական տուրքի պարտավորությունների (տուրք, տույժ), բացառությամբ սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով, 19.7-րդ, 19.8-րդ և 20.2-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների, հաշվառման համար հարկային մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է վերադաս հարկային մարմինը: Սույն օրենքի 19 հոդվածի 15.6-րդ ենթակետով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, իսկ սույն օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Սույն օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի պարտավորությունների հաշվառումն իրականացնում է հարկային մարմինը` այդ պարտավորությունների հաշվառման համար հարկային մարմնում բացված առանձին անձնական հաշվի քարտում:
2. Պետական տուրքերի պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև պետական տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Վճարողի լուծարման դեպքում պետական տուրքերի մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:
3. Պետական տուրքերի պարտավորությունները հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ պետական տուրքի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով):
4. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են պետական տուրքերի առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` տուրքի գումարները, տույժերը:
(36.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-186-Ն, խմբ. 20.11.14 ՀՕ-171-Ն, լրաց. 25.06.19 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 23.12.22 ՀՕ-596-Ն)
(հոդվածը 11.09.24 ՀՕ-339-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից)
(11.09.24 ՀՕ-339-Ն օրենքն ունի անցումային դրույթ)