Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
Հոդված 15. Համայնքային ծառայության պաշտոնի նշանակումը
1. Համայնքային ծառայության գլխավոր խմբի և առաջատար խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը, իսկ առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում` աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)՝ մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի (բացառությամբ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի) համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետը` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առաջատար պաշտոնների խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր պաշտոնների խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.2. Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր պաշտոնների խմբի, ինչպես նաև առաջատար պաշտոնների խմբի առաջին ենթախմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է Երևանի վարչական շրջանի ղեկավարը (բացառությամբ սույն հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքերի)` մրցույթում հաղթող ճանաչված անձանցից:
1.3. Աշխատակազմում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է համայնքի ղեկավարը:
2. Առաջին անգամ համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման դեպքում սահմանվում է մինչև վեց ամիս փորձաշրջան՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքի:
Փորձաշրջանը չանցնելու հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատված անձին հաջորդ անգամ համայնքային ծառայության պաշտոնի նշանակման դեպքում սահմանվում է սույն հոդվածով նախատեսված ժամկետով փորձաշրջան:
2.1. Հանրային ծառայության մյուս տեսակների դասային աստիճան (կոչում) ունեցող անձին համայնքային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակելու դեպքում փորձաշրջան չի սահմանվում:
3. Աշխատակազմի քարտուղարի պաշտոնը թափուր, այդ թվում` ժամանակավոր թափուր լինելու և պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող համայնքային ծառայողի բացակայության կամ աշխատակազմի քարտուղարի թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցված չլինելու դեպքում համայնքային ծառայության առաջատար խմբի երկրորդ և երրորդ ենթախմբերի, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և այդ պաշտոններից ազատում է տվյալ համայնքի ղեկավարը:
(15-րդ հոդվածը խմբ., լրաց. 30.09.08 ՀՕ-172-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-27-Ն, 19.05.09 ՀՕ-120-Ն, 10.02.11 ՀՕ-53-Ն, փոփ. 08.12.11 ՀՕ-347-Ն, փոփ., լրաց. 05.02.13 ՀՕ-4-Ն, լրաց. 19.03.13 ՀՕ-16-Ն, փոփ. 17.12.25 ՀՕ-520-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-393-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո)
(03.07.26 ՀՕ-393-Ն օրենքն ունի անցումային դրույթ)