Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հոդված 3. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, շրջակա միջավայրի պահպանության և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
2. Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Պետական կազմակերպությունն ունի անվանում, որը պետք է ներառի «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը, ինչպես նաև ցուցում` պետական կազմակերպության գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:
4. Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:
5. Պետական կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:
5.1. Օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է հիմնադրի որոշմամբ միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, իրականացնել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք:
6. Պետական կազմակերպությունը կարող է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն անվանմամբ կլոր կնիք: Պետական կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
7. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
(3-րդ հոդվածը փոփ. 13.04.11 ՀՕ-103-Ն, 04.03.20 ՀՕ-118-Ն, լրաց. 22.05.24 ՀՕ-253-Ն)
(22.05.24 ՀՕ-253-Ն օրենքն ունի անցումային դրույթ)