Հոդված 5.1. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը
Հոդված 5.1. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը
1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը:
3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:
5. Ամրացված գույքի օգտագործմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:
6. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
7. Կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
8. Կառավարության կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
(5.1-ին հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-315-Ն)