Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-10-20-ից մինչև 2026-08-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5.1. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը

գործել է մինչև 2026-08-15Բացել ARLIS-ում

Հոդված 5.1. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը

1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը:

3. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

4. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:

5. Ամրացված գույքի օգտագործմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առևտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությամբ:

6. Համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

7. Կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

8. Կառավարության կողմից hամայնքային ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առևտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրա նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

(5.1-ին հոդվածը լրաց. 25.10.23 ՀՕ-315-Ն)

(հոդվածը 22.10.25 ՀՕ-343-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նշված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ մտնելուց հետո)

(22.10.25 ՀՕ-343-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։