Հոդված 18. Անձնական տվյալներ մշակողի պարտականություններն անձնական տվյալները հավաքելու ընթացքում
Հոդված 18. Անձնական տվյալներ մշակողի պարտականություններն անձնական տվյալները հավաքելու ընթացքում
1. Անձնական տվյալները մշակելու ընթացքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտի պահանջով նրան տրամադրել սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված տեղեկատվությունը:
2. Ոչ ամբողջական, ոչ ճշգրիտ, հնացած, անօրինական ճանապարհով ձեռք բերված կամ մշակելու նպատակներին հասնելու համար ոչ անհրաժեշտ անձնական տվյալների դեպքում անձնական տվյալներ մշակողը պարտավոր է անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու կամ ոչնչացնելու ուղղությամբ:
3. Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին գրավոր պարզաբանել անձնական տվյալները չտրամադրելու հետևանքները, այդ թվում՝ անձնական տվյալների սուբյեկտի իրավունքները:
4. Եթե անձնական տվյալներն ստացվել են ոչ տվյալների սուբյեկտից, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև հանրամատչելի անձնական տվյալների, ապա մշակողը մինչև այդպիսի անձնական տվյալները մշակելը պարտավոր է տվյալների սուբյեկտին տրամադրել հետևյալ տեղեկատվությունը.
1) մշակողի կամ նրա լիազորած անձի (առկայության դեպքում) անվանումը (ազգանունը, անունը, հայրանունը) և գտնվելու կամ հաշվառման (փաստացի բնակության) վայրը.
2) անձնական տվյալները մշակելու նպատակը և իրավական հիմքը, մշակվող տվյալների ցանկը.
3) անձնական տվյալների հավանական օգտագործողների շրջանակը.
4) տվյալների սուբյեկտի` սույն օրենքով սահմանված իրավունքները: