Հոդված 21. Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք
Հոդված 21. Դիվանագիտական աստիճաններ շնորհելու իրավասություն ունեցող անձինք
1. Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհում է Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է համապատասխան կոչում շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում համապատասխան կոչում շնորհելու վերաբերյալ:
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, կոչումը շնորհված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
7. Դիվանագիտական աստիճանները շնորհում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը` արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: