Հոդված 1
Հոդված 1
1) Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը կամ երկու կառավարությունների կողմից համատեղ ընտրվելիք այլ վարկառուներին Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ.
1. մինչև 30.000.000 (բառերով՝ երեսուն միլիոն) գերմանական մարկ (15.338.756,44 /բառերով՝ տասնհինգ միլիոն երեք հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր հիսունվեց ամբողջ քառասունչորս/ եվրո) ընդհանուր գումարի վարկ՝ հետևյալ ծրագրերի իրականացման համար, եթե ստորև բերվող յուրաքանչյուր նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է.
ա) մինչև 20. 000. 000 (բառերով՝ քսան միլիոն) գերմանական մարկ (10.225.837,62 /բառերով՝ տասը միլիոն երկու հարյուր քսանհինգ հազար ութ հարյուր երեսունյոթ ամբողջ վաթսուներկու/ եվրո)՝ այլ մարզերում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման նպատակով.
բ) մինչև 10. 000. 000 (բառերով՝ տասը միլիոն) գերմանական մարկ (5.112.918,81 /բառերով՝ հինգ միլիոն հարյուր տասներկու հազար ինը հարյուր տասնութ ամբողջ ութսունմեկ/ եվրո)՝ տնտեսության մասնավոր հատվածի (փոքր և միջին ձեռնարկությունների) խթանման համար:
2. Մինչև 5.000.000 (բառերով՝ հինգ միլիոն) գերմանական մարկ (2.556.459,41 /բառերով՝ երկու միլիոն հինգ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր հիսունինն ամբողջ քառասունմեկ/ եվրո) ընդհանուր գումարի դրամաշնորհ՝ հիվանդանոցների տեխնիկական վերազինման ծրագրի իրականացման համար, եթե նախագծի իրականացմանը նախորդող ուսումնասիրությամբ հավաստվել է, որ տվյալ նախագիծը խրախուսման արժանի է և որպես սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագիր համապատասխանում է դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին:
2) Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված պահանջներին համապատասխանությունը չի հավաստվում, ապա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերոնշյալ նախագծի իրականացման համար Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) նշված դրամաշնորհի չափով վարկ ստանալ:
3) Սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերը կարող են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների փոխադարձ համաձայնությամբ փոխարինվել այլ նախագծերով:
Եթե սույն հոդվածի 1-ին պարբերության 2-րդ կետում նշված նախագիծը փոխարինվում է շրջակա միջավայրի պահպանության, սոցիալական ենթակառուցվածքների բարելավման, միջին ձեռնարկությունների վարկավորման երաշխիքային հիմնադրամի ստեղծման ծրագրերով կամ կանանց հասարակական դիրքի ամրապնդմանը, աղքատության մեղմացման ծրագրի շրջանակներում ինքնօգնության կազմակերպմանը նպատակաուղղված միջոցառումներով, որոնք համապատասխանում են դրամաշնորհի տրամադրմանը ներկայացվող հատուկ պահանջներին, ապա կարող է տրամադրվել դրամաշնորհ, հակառակ դեպքում կտրամադրվի վարկ:
4) Եթե Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանը հնարավորություն է ընձեռում հետագայում ևս Մայնի Ֆրանկֆուրտի վերականգնման վարկերի բանկից (KfW) վարկեր կամ դրամաշնորհներ ստանալ սույն հոդվածի 1-ին պարբերությունում նշված նախագծերի նախապատրաստման նպատակով կամ այլ դրամաշնորհներ ստանալ նախագծերի իրականացման և շարունակման նպատակով ձեռնարկվող հարակից միջոցառումների համար, ապա վերջիններիս նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը: