Հոդված 15. Ավիացիոն անվտանգություն
Հոդված 15. Ավիացիոն անվտանգություն
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ վերահաստատում է, որ անօրինական գործողությունների դեմ քաղաքացիական ավիացիայի անվտանգությունն ապահովելու իր պարտականությունը մյուս Պայմանավորվող կողմի նկատմամբ սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասն է: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, մասնավորապես, կգործի համաձայն 1963 թվականի սեպտեմբերի 14-ին Տոկիոյում ստորագրված «Օդանավում կատարվող հանցագործությունների և այլ գործողությունների մասին» կոնվենցիայի, 1970 թվականի դեկտեմբերի 16-ին Հաագայում ստորագրված «Օդանավի անօրինական գրավումը կանխելու մասին» կոնվենցիայի, 1971 թվականի սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման մասին» կոնվենցիայի և այդ կոնվենցիայի՝ 1988 թվականի փետրվարի 24-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայաններում խախտումների անօրինական գործողությունների կանխարգելման մասին» լրացուցիչ արձանագրության ավիացիոն անվտանգության դրույթներին և քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը կարգավորող որևէ այլ բազմակողմ համաձայնագրի համապատասխան, որը պարտադիր է Պայմանավորվող կողմերի համար:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի մյուս Պայմանավորվող կողմից անհրաժեշտ աջակցություն կցուցաբերվի նրա խնդրանքով՝ քաղաքացիական օդանավի անօրինական գրավումը, դրա ուղևորների և անձնակազմի, ինչպես նաև օդանավակայանների և օդանավագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված անօրինական գրավումը և քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված որևէ այլ վտանգ կանխելու նպատակով:
3. Պայմանավորվող կողմերը պետք է իրենց փոխհարաբերություններում գործեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից հաստատված և Կոնվենցիայի Հավելվածների տեսքով ձևակերպված ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կպահանջի, որ իր գրանցված օդանավի շահագործումն իրականացնող ծառայողները կամ այն ծառայողները, որոնք կողմերի տարածքում ունեն մշտական աշխատանքային տեղ կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև օդանավակայանների ծառայողները գործեն այդ ավիացիոն անվտանգության դրույթներին համապատասխան:
4. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ համաձայնվում է, որ մյուս Պայմանավորվող կողմը կարող է օդանավերը շահագործողներից պահանջել, որ նրանք կիրառեն սույն հոդվածի 3-րդ կետում նշված ավիացիոն անվտանգության դրույթները, որոնք այդ Պայմանավորվող Կողմը նախատեսում է իր տարածք մուտք գործելու, այնտեղից մեկնելու կամ իր տարածքի սահմաններում գտնվելու ընթացքում: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է երաշխավորի, որ իր տարածքում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն օդանավը պաշտպանելու և օդանավի բեռնման և ուղևորներին օդանավ վերցնելու ընթացքում ուղևորներին, անձնակազմին, փոխադրվող իրերը, ուղեբեռն ու բեռները, փոստը և օդանավի պահեստամասերը ստուգելու համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նաև ընդունելի լուծում գտնի մյուս Պայմանավորվող կողմի բոլոր այն հարցումների համար, որոնք վերաբերում են անվտանգության հատուկ միջոցների կիրառմանը որոշակի սպառնալիքի առաջացման դեպքում:
5. Քաղաքացիական օդանավը գրավելու դեպքում կամ այդ օդանավի, նրա ուղևորների և անձնակազմի, օդանավակայանի կամ օդանավագնացության սարքավորումների անվտանգության դեմ ուղղված որևէ այլ անօրինական գործողությունների կամ դրանց սպառնալիքի առկայության դեպքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հաղորդակցության ուղիների և այլ համապատասխան միջոցների օգնությամբ օժանդակի մյուս Պայմանավորվող կողմին՝ այդ միջադեպը կամ դրա սպառնալիքը արագ և անվտանգ վերացնելու համար: