Հոդված 6
Հոդված 6
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կստանձնի հետևյալ պարտավորությունները` ապահովելու ՄԶԴ ծրագրերի կապակցությամբ տրամադրվող տեխնիկական աջակցության օգտագործումը՝ ըստ դրա տրամադրման նպատակի և խնդիրների.
ա) Եկամտահարկեր: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց եկամտահարկերից և եկամտից հարկվող այլ վճարումներից՝ ներառելով, բայց չսահմանափակելով կենսաթոշակային ապահովագրության, սոցիալական ապահովագրության հատկացումները՝ այն պայմանով, որ տվյալ եկամուտը ստացված լինի Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից կամ միջոցներից: Ի լրումն նշվածի՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին (ներառյալ խնամքի տակ գտնվող անձանց) նշված ազատումների առնչությամբ գրավոր հայտարարագրեր ներկայացնելու որևէ պարտավորությունից:
բ) Ծրագրի իրականացման հետ կապված սարքավորումներից գանձվող մաքսատուրքեր: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին ՄԶԴ ծրագրերի իրականացման համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող տեխնիկական և մասնագիտական սարքավորումների և նյութերի հետ կապված՝ ներմուծման և արտահանման տուրքերից, մաքսավճարներից և այլ տուրքերից, վճարներից, գանձումներից կամ որևէ ծախսից՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
գ) Մաքսատուրքեր աշխատակիցներին պատկանող գույքի դիմաց: Կազատի ՄԶԴ ֆիրմաներին և ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց անձնական և տան գույքի` ներառելով, բայց չսահմանափակելով կենցաղային տեխնիկայի և տրանսպորտային միջոցների դիմաց գանձվող՝ ներմուծման և արտահանման տուրքերից, մաքսավճարներից և բոլոր այլ տուրքերից, հարկերից, վճարներից կամ գանձումներից կամ որևէ ծախսից՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
դ) Վիզաներ: Կտրամադրի պաշտոնական օժանդակություն, ներառյալ վիզաների և թույլտվությունների (մուտքի, բնակության, աշխատանքի) անվճար տրամադրման գործընթացների դյուրացումը, որոնք անհրաժեշտ են ՄԶԴ ֆիրմայի աշխատակիցների կողմից իրենց գործառույթները արդյունավետ իրականացնելու համար: Նմանատիպ աջակցություն կտրամադրվի խնամքի տակ գտնվող անձանց համար անհրաժեշտ վիզաների և թույլտվությունների տրամադրման դեպքում:
ե) Կրթաթոշակներ: Կազատի բոլոր եկամտահարկերից և եկամտից գանձվող այլ վճարումներից՝ ներառելով, բայց չսահմանափակելով կենսաթոշակային ապահովագրության, սոցիալական ապահովագրության հատկացումները, բոլոր այն գումարները, որոնք ծախսվել են Հայաստանի Հանրապետության վերապատրաստվողների և ուսումնական ծրագրերին մասնակցելու իրավունք ունեցողների ծախսերը հոգալու համար` պայմանով, որ այդ գումարները ստացված լինեն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից:
զ) Ոչ առևտրային բնույթ: Ընդունելով, որ ՄԶԴ ծրագրերը, վերջիններիս առնչվող ՄԶԴ ֆիրմաները, ՄԶԴ ֆիրմաների աշխատակիցները և նրանց խնամքի տակ գտնվող անձինք, կապված ծրագրին աջակցելու համար Հայաստանի Հանրապետությունում իրականացվող գործողությունների հետ, որևէ նպատակով չեն համարվի առևտրային կազմակերպություններ կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալողներ:
է) Այլ աջակցություն: Կտրամադրի այլ առարկաներ և շենքային պայմաններ, որոնք կարող են պահանջվել՝ լրացուցիչ պայմանավորվածությունների համաձայն: