040.0864.30.12.98
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 դեկտեմբերի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1998 թվականի N 864
քաղ. Երևան
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնօգտագործման վճարի դրույքաչափերը (կցվում են):
2. Սահմանել, որ
ա) պինդ օգտակար հանածոների (բացառությամբ աղի) մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում դրանց մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և տվյալ օգտակար հանածոյի իրացման գնից (առանց ավելացված արժեքի հարկի)` բացառությամբ սույն կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքի, ընդ որում`
հաշվետու ժամանակաշրջանում մարված և իրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և իրացման փաստացի գնից,
հաշվետու ժամանակաշրջանում մարված և չիրացված մասի համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, ընդ որում, վճարված վճարները պաշարների փաստացի իրացման ժամանակաշրջանում վերահաշվարկվում են ելնելով դրանց իրացման փաստացի գնից,
այն դեպքերում, երբ իրացվում է ոչ թե օգտակար հանածոն, այլ դրա օգտագործման արդյունքում ստացված արտադրանքը կամ այն օգտագործվում է արդյունահանողի ներտնտեսական կարիքների համար, ապա հաշվետու ժամանակաշրջանում մարված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օգտակար հանածոյի մարված պաշարների ծավալից, դրույքաչափից և որպես օգտակար հանածո վերջին իրացման փաստացի գնից, դրա բացակայության դեպքում` տվյալ կամ նույնանման օգտակար հանածոյի իրացման համար հաշվետու ժամանակաշրջանին նախորդող եռամսյակին վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից, իսկ դրա բացակայության դեպքում` այդ եռամսյակին նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող` հրապարակված վիճակագրական միջին գնից.
բ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
գ) (Ենթակետն ուժը կորցրել է 18.06.01 N 543)
դ) ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի (բացառությամբ օնիքսանման մարմարի, վանակատի (օբսիդիանի) ու լիստվենիտի) համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ծավալից, դրույքաչափից և տվյալ մետաղի կամ քարի միջազգային շուկայական միջին գնից` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանի կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար հայտարարված գինը.
ե) համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացվող մրցույթների` շահագործման հանձնվող հանքավայրերի համար կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել սույն որոշմամբ սահմանված դրույքաչափերից տարբերվող դրույքաչափեր.
զ) ստորերկրյա քաղցրահամ ջրերի ու աղի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի և աղի ծավալից ու սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերից:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա հաշվիչ (չափիչ) սարքեր տեղադրված լինելու դեպքում՝ ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հաշվիչ (չափիչ) սարքերով հաշվառված ջրի ծավալներից և հաստատված դրույքաչափերից.
է) հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է` 1) միայն մեկ նպատակով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից անմիջապես հորատանցքի (աղբյուրի) վրա տեղադրված գազանջատիչից (այսուհետ` գազանջատիչ) դուրս եկող ջրախողովակի (այսուհետ` առաջնային խողովակ) վրա ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առաջնային ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով օգտագործման տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:
Առաջնային ջրահաշվիչ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով տվյալ նպատակի համար նախատեսված դրույքաչափից:
Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից ածխաթթու գազ ստանալու նպատակով գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով,
2) միաժամանակ, մեկից ավելի նպատակներով հանքային ջրերի հորատանցքը (աղբյուրը) շահագործելիս` առաջնային խողովակին միացված հանքային ջրի օգտագործման յուրաքանչյուր նպատակի համար առանձնացված խողովակների (այսուհետ` առանձնացված խողովակ) վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ջրօգտագործողների կողմից ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր (այսուհետ` առանձնացված ջրահաշվիչ) տեղադրված լինելու դեպքում` որպես ըստ օգտագործման առանձին նպատակների հաշվարկված բնօգտագործման վճարների հանրագումար, որոնք հաշվարկվում են` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան առանձնացված ջրահաշվիչով հաշվառված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված համապատասխան դրույքաչափից:
Այն դեպքերում, երբ ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրված (միացված) է (են) լինում ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր), լրացուցիչ հաշվարկվում է բնօգտագործման վճար` նաև ածխաթթու գազ ստանալու համար` սույն որոշման 2-րդ կետի «ը» ենթակետով սահմանված կարգով։
Առանձնացված ջրահաշվիչներ տեղադրված չլինելու դեպքում վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում առաջնային հաշվիչ սարքով հաշվառված, իսկ դրա բացակայության դեպքում` հանքային ջրի հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով սահմանված հանքային ջրի տվյալ հորատանցքի (աղբյուրի) մասով փաստացի օգտագործվող տեսակների գծով ամենաբարձր դրույքաչափից.
ը) ջրօգտագործողի կողմից գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ածխաթթու գազ ստանալու սարք (սարքեր) տեղադրված (միացված) լինելու դեպքում ածխաթթու գազ ստանալու նպատակով հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար վճարը հաշվարկվում է`
1) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գազաչափ տեղադրված լինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում գազաչափով հաշվառված ածխաթթու գազի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դրույքաչափից,
2) գազանջատիչից դուրս եկող գազի խողովակի վրա (մինչև ածխաթթու գազ ստանալու սարքն ընկած հատվածում) գազաչափ տեղադրված չլինելու դեպքում` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հորատանցքից (աղբյուրից) փաստացի արդյունահանված ջրի ծավալից և սույն որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի II բաժնի 10-րդ կետի «բ» ենթակետով ածխաթթու գազ ստանալու նպատակի համար սահմանված դրույքաչափից:
(2-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 18.06.01 N 543, լրաց. 03.07.03 N 826-Ն, փոփ., լրաց. 03.02.05 N 149-Ն)
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնական պաշարների արդյունավետ օգտագործման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնօգտագործման վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանին հրապարակելու ազնիվ, գունավոր, հազվագյուտ մետաղների և գունագեղ քարերի միջազգային շուկայական միջին գինը եռամսյակի վերջին ամսվա դրությամբ, մինչև եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 10-րդ օրը:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական ռեսուրսների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» թիվ 221 որոշման թիվ թիվ 1 և 2 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ, 14-րդ և 16-րդ կետերը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Դարբինյան
Հաստատված է
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 30-ի N 864 որոշմամբ
Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր
ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ
I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Մակերևութային (բացառությամբ Սևանա լճից) ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
ձկնաբուծության նպատակով 1 դրամ
արդյունաբերական նպատակներով 0,5 դրամ,
խմելու և կենցաղային նպատակներով
բացառությամբ Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի
կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն
հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատա-
կարարման և ջրահեռացման գործունեություն 0,5 դրամ,
իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0,025 դրամ
ոռոգման նպատակով 0,0 դրամ:
(1-ին կետը խմբ. 29.08.01 N 789, 31.07.03 N 958-Ն)
2. Սևանա լճից ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար
ոռոգման նպատակով 0,2 դրամ
այլ նպատակներով 1,5 դրամ:
3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ:
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, խմբ. 29.08.01 N 789)
4. Խմելու համար ոչ պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
ոռոգման նպատակով 0,0 դրամ
այլ նպատակներով 1,0 դրամ:
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
5. Ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով ստորերկրյա թերմալ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` 50 դրամ:
(5-րդ կետը լրաց. 03.02.05 N 149-Ն)
II. Օգտակար հանածոների արդյունահանված պաշարների համար վճարի դրույքաչափերը
1. Ազնիվ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր գրամի համար`
ոսկի 1,5 տոկոս
արծաթ 1,5 տոկոս
պլատին 1,5 տոկոս
(1-ին կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)
2. Գունավոր և հազվագյուտ մետաղների մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
պղինձ 1,3 տոկոս
մոլիբդեն 1,3 տոկոս
կապար 1,0 տոկոս
ցինկ 1,0 տոկոս
ալյումին 1,3 տոկոս
ռենիում 1,3 տոկոս
կադմիում 1,3 տոկոս
սելեն 1,4 տոկոս
թելուր 1,3 տոկոս
(2-րդ կետը խմբ. 12.04.99 N 215, փոփ. 18.06.01 N 543)
3. Վառելիքաէներգետիկ հումքիմարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար`
ածուխ 5 տոկոս
տորֆ 3 տոկոս
այրվող թերթաքարեր 3 տոկոս
(3-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
4. Երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ 5 տոկոս
ֆելզիտային տուֆ (այդ թվում`
դեկորատիվ) 6 տոկոս
գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) 7 տոկոս
մարմար, մարմարացված կրաքարեր 5 տոկոս
դեկորատիվ մարմար 6 տոկոս
կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ 7 տոկոս
տրավերտին 6 տոկոս
բազալտ 4,5 տոկոս
հիալոբազալտ 6 տոկոս
(4-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
5. Շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
տուֆ 4 տոկոս
տուֆաավազաքարեր 3,5 տոկոս
բազալտ 3,5 տոկոս
անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն 3,5 տոկոս
պրոֆիրիտ 3 տոկոս
կրաքար 3,5 տոկոս
(5-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
6. Լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
հրաբխային խարամ 3 տոկոս
պեմզա 4 տոկոս
ավազախճաքարային խառնուրդ
(ավազ, խիճ և այլն) 3 տոկոս
բալաստային հումք (պորֆիրիտ,
բազալտ, անդեզիտաբազալտ,
լիպարիտ և այլն) 3 տոկոս
(6-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
7. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր) 6 տոկոս
կրաքար (կիր ստանալու համար) 3 տոկոս
կավեր 4 տոկոս
բնական հանքային ներկեր 4 տոկոս
գիպսատար կավեր 4 տոկոս
(7-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
8. Գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
ագաթ 6 տոկոս
փիրուզ 6 տոկոս
վանակատ (ծիածանվող օբսիդիան) 6 տոկոս
հասպիս 6 տոկոս
օնիքսանման մարմար 5 տոկոս
լիստվենիտ 5 տոկոս
վանակատ (օբսիդիան) 7 տոկոս
(8-րդ կետը փոփ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն)
9. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
ցելոիտ (խոր.մ) 5 տոկոս
պեռլիտ (խոր.մ) 6 տոկոս
դիատոմիտ (խոր.մ) 6 տոկոս
բենտոնիտ (տոննա) 6 տոկոս
դունիտ և պերիդոտիտ (տոննա) 4 տոկոս
հրակայուն կավեր (տոննա) 4 տոկոս
անդեզիտ, անդեզիտաբազալտ
(թթվակայուն հումք) (տոննա) 4 տոկոս
(Տողը հանվ. 18.06.01 N 543)
ծծումբ 3 տոկոս
կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) 3 տոկոս
դոլոմիտ (տոննա) 3,5 տոկոս
բարիտ (տոննա) 5 տոկոս
(Տողը հանվ. 18.06.01 N 543)
(9-րդ կետը փոփ. 18.06.01 N 543)
10. Աղի և հանքային ջրերի արդյունահանված պաշարների համար`
ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով`
քարաղի տեսքով` 0,88
աղաջրի տեսքով` 0,09
բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով` արդյունաբերական նպատակով 7,50
բուժական նպատակով 0,40
ածխաթթու գազ ստանալու նպատակով 0,3
ռեկրեացիոն (հանգստի նպատակով լողավազաններում օգտագործելու) նպատակով 0,1
գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով՝
«Ջերմուկ» հանքավայր 0.08
«Արզնի» հանքավայր 0.09
«Հանքավան» հանքավայր 0.08
«Բջնի» հանքավայր 0.07
«Լիճք» հանքավայր 0.06
«Սոլակ» հանքավայր 0.06
«Քարաշամբ» հանքավայր 0.08
«Արզական» հանքավայր 0.15
«Սայաթ-Նովա» հանքավայր 0.15
Այլ հանքավայրեր 0.06
Սույն բաժնում ներառված օգտակար հանածոների համար վճարի դրույքաչափը հայկական դրամով հաշվարկելիս որպես համարժեք կիրառվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա 20-րդ օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած արժութային փոխարժեքը:
(10-րդ կետը խմբ. 18.06.01 N 543, լրաց. 03.02.05 N 149-Ն)
III. Կենսապաշարների օգտագործման համար վճարի դրույքաչափերը
1. Ծառի տեսակի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար`
Անտառային
ծառատեսակները Հեռավորու-
թյունը (կմ) Դրույքաչափը (դրամով)
Շինափայտ առանց կեղևի, ըստ ծառի
բնի կտրվածքի (սմ) Վառելափայտ
կեղևով
25-ից ավելի 13-24 3-12
Հաճարենի մինչև 10 3,640 3,220 2,800 700
10-25 2,800 2,520 2,240 630
25-40 2,520 2,240 1,680 560
40-ից ավելի 2,240 1,960 1,680 420
Կաղնի, Հացենի մինչև 10 3,920 3,640 2,800 700
10-25 3,080 2,800 2,240 630
25-40 2,520 2,240 1,680 560
40-ից ավելի 1,960 1,680 1,400 420
Բոխի, թխկի, թեղի մինչև 10 1,260 1,120 840 700
10-25 1,120 980 840 630
25-40 980 840 700 560
40-ից ավելի 840 700 420 420
Ցանկում չնշված այլ ծառատեսակներ մինչև 10 980 840 700 420
10-25 700 700 560 350
25-40 560 560 420 280
40-ից ավելի 420 420 280 210
Նշված կետում հեռավորությունն անտառի սկզբից ծառահատումն ընկած տարածությունն է:
2. Արդյունագործական նպատակով բույսերի յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
Բույսերի տեսակները Չափի
միավորը Դրույքաչափը (դրամ)
վերգետնյա
մասեր արմատներ
1 2 3 4
Լայն կիրառում ունեցող դեղաբույսեր` կգ 75 750
անթառամ` կարմրավուն
կատվախոտ` դեղատու
մատուտակ` մերկ
զիվան` հսկայական
լերդախոտ` ալեհեր
սրոհունդ (արևքուրիկ)` խոցված
լոշտակ` սպիտակ
լոշտակ` երկտուն
առյուծագի` սովորական
խնկածաղիկ` սովորական
տատրակ` սովորական (խոճկորիկ)
օշինդր` դառը
կտտկենի` սև
արոսի` սովորական
Այլ դեղաբույսեր կգ 35 200
Լայն կիրառում ունեցող սննդային
բույսեր` կգ 15 50
շուշանբանջար` պալարակիր
սիբեխ` սովորական
սնդրուկ` հարթ, Սողոմոնի կնիք
շրեշ` գեղեցիկ
ծնեբեկ` դեղատու
ծիասամիթ` մանրապտուղ (բոխի)
Այլ սննդային բույսեր կգ 10 30
Տեխնիկական բույսեր կգ 50 150
Գեղազարդային բույսեր հատ 5 x
(2-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)
3. Արդյունագործական նպատակով օգտագործվող պտուղների, հատապտուղների և ընկույզավորների յուրաքանչյուր կիլոգրամի օգտագործման համար`
պտուղներ, հատապտուղներ 30 դրամ
տխիլ (տկողին), ընկույզ 60 դրամ
4. Կենդանիների տեսակների` գյուղատնտեսական, արդյունագործական և սոցիալական նպատակներով յուրաքանչյուր միավորի օգտագործման համար`
Կենդանիների տեսակները Չափի
միավորը Դրույքաչափը (դրամ)
1 2 3
Կաթնասուններ
Վայրի խոզ հատ 50000
Գորշուկ (փորսուղ) հատ 2500
Աղվես հատ 500
Կզաքիս հատ 2000
Ճահճակուղբ հատ 500
Մշկամուկ հատ 500
Նապաստակ հատ 800
Սկյուռ հատ 300
Քնամոլ հատ 200
Չղջիկ հատ 100
Խլուրդ հատ 20
Ոզնի հատ 200
Թռչուններ
Սև ցին հատ 10000
Գիշանգղ հատ 50000
Ճահճային մկնաճուռակ հատ 10000
Լորաճուռակ հատ 5000
Ցախաքլորաորս հատ 50000
Մեծ ճուռակ հատ 10000
Տափաստանային ճուռակ հատ 10000
Թավշոտ ճուռակ հատ 10000
Սովորական հողմավար բազե հատ 5000
Արտույտաբազե հատ 30000
Այլ բազեանմաններ հատ 5000
Սագանմաններ հատ 500
Կաքավ հատ 500
Փասիան հատ 2000
Թուրաջ հատ 2000
Լոր հատ 100
Սև փարփար հատ 300
Կտցար հատ 100
Քարադրանմաններ հատ 200
Աղավնի հատ 300
Կկվանմաններ հատ 200
Բվանմաններ հատ 2000
Սովորական այծկիթ հատ 500
Մանգաղաթեևեր հատ 300
Ալկիոններ հատ 300
Հոպոպ հատ 100
Փայտփոր հատ 300
Ճնճղուկանմաններ հատ 100
Սողուններ
Գյուրզա հատ 2000
Այլ տեսակի օձեր հատ 500
Մողես հատ 100
Կասպիական կրիա հատ 200
Երկկենցաղներ
Գորտեր (լճագորտ, փոքրասիական գորտ) կգ 70
Սովորական ծառագորտ հատ 200
Փոքրասիական տրիտոն հատ 500
Կանաչ դոդոշ հատ 10
Փափկամարմիններ
Անատամ հատ 20
Խաղողի խխունջ կգ 200
Այլ տեսակի փափկամարմիններ կգ 100
Հոդվածոտանիներ
Գետի խեցգետին կգ 200
Հաստապոչ կարիճ հատ 10
Այլ տեսակի հոդվածոտանիներ հատ 5
Ձկներ
Սիգ կգ 30
Լոքո կգ 50
Կարմրախայտ կգ 500
Մանրածածան կգ 5
Ցանկում չնշված այլ ձկնատեսակներ կգ 15
(4-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)
5. Գյուղատնտեսական` խոտհունձի նպատակով անտառային ֆոնդի տարածքների յուրաքանչյուր հեկտարի միանվագ (միանգամյա) օգտագործման համար` 2000 դրամ:
(5-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)
6. Գյուղատնտեսական` արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար` յուրաքանչյուր գլխի համար յուրաքանչյուր օրվա կտրվածքով`
խոշոր և մանր եղջերավոր անասուններ, խոզեր, ձիեր`
- բարելավված արոտավայրերում 3 դրամ
- բնական արոտավայրերում 2 դրամ
(6-րդ կետը խմբ. 31.07.03 N 958-Ն)
7. Անասունների յուրաքանչյուր գլխի արածեցման նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար`
խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր`
- բարելավված արոտավայրերում 500 դրամ
- բնական արոտավայրերում 450 դրամ:
8. Մեղվաբուծության նպատակով անտառային ֆոնդի տարածքների օգտագործման համար յուրաքանչյուր փեթակի համար` 1,500 դրամ: