Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Վճռաբեկ դատարանի նախագահը
1. Վճռաբեկ դատարանը գլխավորում է վճռաբեկ դատարանի նախագահը:
2. Վճռաբեկ դատարանի նախագահն իրականացնում է վճռաբեկ դատարանի պալատի նախագահին և դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:
3. Վճռաբեկ դատարանի նախագահը՝
1) ապահովում է վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը.
2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ հարաբերություններում.
3) հրավիրում և վարում է վճռաբեկ դատարանի պալատների նիստերը.
4) վճռաբեկ դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.
5) հետևում է վճռաբեկ դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կարգապահական վարույթ է հարուցում վճռաբեկ դատարանի պալատի նախագահի և դատավորի նկատմամբ.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:
4. Որպես Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահ` վճռաբեկ դատարանի նախագահը`
1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ հարաբերություններում.
2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.
3) հետևում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.
4) նախագահում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի նիստերը, դատարանների նախագահների խորհուրդը.
5) առաջին ատյանի, տնտեսական կամ վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.
6) դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների խախտում հայտնաբերելիս հաղորդում է ներկայացնում այդ մասին համապատասխանաբար դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին կամ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:»: