Հոդված 26
Հոդված 26.
Սույն օրենքի 23 և 24 հոդվածներում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.
2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին:
Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա.
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:
Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները վերագրվում են ֆինանսական արդյունքներին:
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ ձեռք բերված ապրանքները, ինչպես նաև ծառայություններն ինքնարժեքից կամ ձեռքբերման արժեքից (ներառյալ` ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձեռքբերման արժեքից (ներառյալ` մաքսային մարմինների գանձած ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը ենթակա է հաշվանցման` ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված և մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) հարկի գումարների տարբերության մասով: Ապրանքների իրացումից հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Ներմուծման պահին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ով չհարկվող ապրանքները ձեռքբերման արժեքից ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարը: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպությունների նպատակային ֆինանսավորման միջոցներին):
(26-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-177)