Անցնել բովանդակությանը
Գլուխ III · ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 16

գործել է մինչև 2006-01-12Բացել ARLIS-ում

Հոդված 16.

Հարկային պարտավորությունը ներառում է հարկերի (այդ թվում` թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված), ինչպես նաև հարկային օրենսդրությունը և Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերը խախտելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումը:

Հարկային պարտավորությունը դադարում է դրա կատարման, հարկի վերացման, հարկից ազատելու արտոնության սահմանման, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում, իսկ ֆիզիկական անձի համար` նաև նրա մահվան դեպքում, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

Չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի և դրանց մասով վարվում է առանձնացված հաշվառում հետևյալ դեպքերում`

ա) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.

բ) իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի` 500.000 դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների մասով, եթե այդ պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանը գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը սնանկ ճանաչելու հիմքերը.

գ) անհատ ձեռնարկատիրոջ հարկային պարտավորությունների մասով` սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման պետական գրանցման դեպքում:

Անհուսալի դառնալուց հետո` հինգ տարվա ընթացքում, չգանձված պարտավորությունները դադարում են և հանվում հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության վերակազմավորման (վերակառուցման) դեպքում չկատարված հարկային պարտավորությունը կրում է նրանց իրավահաջորդը (իրավահաջորդները):

Իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարման կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ ընդունող լիազորված մարմինները լուծարման (գործունեության դադարեցման) որոշման ընդունման մասին յոթնօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում են հարկային տեսչության մարմիններին:

Իրավաբանական անձի լուծարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ իրավաբանական անձի որոշումների ընդունման վրա ազդելու հնարավորություն ունեցող սեփականատերերի և (կամ) ղեկավար մարմնի անդամների վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով, եթե նշված պարտավորությունները ծագել են այդ անձանց գործողությունների կամ անգործության հետևանքով:

Իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության լուծարումից կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարումից հետո հարկային պարտավորությունների հայտնաբերման դեպքում, հարկային տեսչության ներկայացրած հայցի հիման վրա, դրանք դատարանի որոշմամբ կարող են դրվել այդ ձեռնարկության սեփականատերերի կամ անհատ ձեռներեցի վրա` լուծարմանը նախորդած մեկ տարվա ընթացքում հարկային տեսչությունից թաքցրած հարկման օբյեկտներից վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափով:

(16-րդ հոդվածը լրաց. 21.10.97 ՀՕ-153, 08.12.04 ՀՕ-173-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։