Հոդված 7
Հոդված 7.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 154.1-154.5-րդ հոդվածներով.
«Հոդված 154.1. Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ իրացնելը
1. Անձնական դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելը կամ այլ եղանակով իրացնելը`
պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը կատարվել է խոշոր չափերով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ`
պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
«Հոդված 154.2. Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը
Թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պայմանով թեկնածուներից անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք ստանալը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
Ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
«Հոդված 154.3. Ընտրական հանձնաժողովի կնիքը չվերադարձնելը, կնիքի պահպանման սահմանված կարգը խախտելը
Ընտրական հանձնաժողովի կնիքը սահմանված ժամկետում դրա համար պատասխանատու անձի կողմից չվերադարձնելը, ինչպես նաև կնիքի պահպանման համար սահմանված կարգը խախտելը`
պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:
«Հոդված 154.4. Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը
Քվեարկության օրը զենք կրելու իրավունք ունեցող անձի կողմից զենքով ցուցադրաբար տեղամասային կենտրոն (քվեարկության խցիկ) մուտք գործելն առանց ծառայողական անհրաժեշտության`
պատժվում է ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:
«Հոդված 154.5. Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը
Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին սահմանված դեպքերում և կարգով ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճենները, քաղվածքները չտալը`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից երկու տարի ժամկետով:»: