Հոդված 7
Հոդված 7.
Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ընկերությունների (ձեռնարկությունների)
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր, սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են վերոհիշյալ մարմնի նշանակած անձինք կամ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, ընդ որում`
- մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները տեղեկություններ են տալիս իրենց ենթակայության տակ գտնվող ու մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը (ձեռնարկությունը) լուծարելու մասին.
- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա ընկերությունների (ձեռնարկությունների) վնասաբերության պատճառները բացահայտելն է.
- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ընկերությունները (ձեռնարկությունները) վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ընկերության (ձեռնարկության) կազմից առանձնացնելու), ինչպես նաև ընկերություններում (ձեռնարկություններում) զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ: