Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`

1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.

2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և

3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.

3) որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.

4) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Առանց սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի մշակած Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկությունների մասին տեղեկատվական ձեռնարկը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։