Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 45. Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցումը
Ազգային հանձնաժողովի անդամը չի կարող նախքան պաշտոնավարության ժամկետը լրանալը հետ կանչվել իր պաշտոնից: Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները կարող են դադարեցվել հետևյալ դեպքերում, երբ`
ա) հրաժարական է տվել.
բ) Ազգային հանձնաժողովի նախագահը կամ Ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալը ընտրվել կամ նշանակվել է որևէ այլ պաշտոնում.
գ) առանց հարգելի պատճառի երեք ամսից ավելի չի մասնակցել Ազգային հանձնաժողովի աշխատանքներին.
դ) դատապարտվել է դատարանի դատավճռով.
ե) դատարանի վճռով ճանաչվել է անգործունակ.
զ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
է) մահացել է:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նշանակված Ազգային հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի որոշմամբ:
Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում նշանակումները կամ ընտրությունները կատարվում են այն հաշվով, որ վերականգնվի Սահմանադրության 83.2 հոդվածով սահմանված հավասարակշռությունը, այսինքն` անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից: Ազգային ժողովը հանձնաժողովի անդամի ընտրությունը կատարում է Ազգային ժողովի որոշմամբ` «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հանրապետության Նախագահը հանձնաժողովի անդամի նշանակումը կատարում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար:
Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընդգրկվել Ազգային հանձնաժողովի կազմում:
Սույն հոդվածի առաջին մասում նշված հիմքերով Ազգային հանձնաժողովում թափուր տեղեր առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին:»: