Հոդված 5. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 5. ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ և ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Հայտարարատուները սույն օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված հայտարարագրման ենթակա գույքը և եկամուտները հայտարարագրում են`
ա) պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար.
բ) հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:
Սույն կետում նշված դեպքերում հայտարարագրում արտացոլման ենթակա են նաև հայտարարագրման ժամանակաշրջանում սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «ե» ենթակետերում նշված գույքի հետ կապված գործառնությունները:
2. Հայտարարատուները և նրանց փոխկապակցված անձինք հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են անձամբ կամ ուղարկում են պատվիրված նամակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի (այսուհետ` լիազորած մարմնի)` ղեկավար աշխատողի հաշվառման (գրանցման) վայրի տարածքային մարմին (այսուհետ` տարածքային լիազորած մարմին): Լիազորած մարմնի սահմանած դեպքերում հայտարարատուները հայտարարագրման ենթակա գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են լիազորած մարմին: Հայտարարագիրը պատվիրված նամակով ուղարկելու դեպքում հայտարարագիր ներկայացնելու օր է համարվում պատվիրված նամակը փոստային բաժանմունք մուտք անելու օրը:
3. Հայտարարատուները հայտարարագրերը ներկայացնում են մինչև հայտարարագրման ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 15-ը:
4. Միևնույն հայտարարատուն հայտարարագրման միևնույն ժամանակաշրջանի համար ներկայացնում է գույքի և եկամուտների միայն մեկ հայտարարագիր:
5. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված հայտարարատուի հայտարարագրում ներառվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում չընդգրկված իրենց խնամառուների հայտարարագրման ենթակա գույքն ու եկամուտները:
Սույն կետի դրույթները գործում են նաև զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող հինգ տարվա ընթացքում:
6. Գաղտնիության ապահովման պարտավորություններ սահմանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության դրույթները չեն տարածվում`
ա) հայտարարատուների կողմից, սույն օրենքով սահմանված կարգով, լիազորած մարմին ներկայացվող գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վրա.
բ) լիազորած մարմնին տրամադրվող` սույն օրենքի 9-րդ հոդվածի «ե» և «է» կետերով սահմանված տեղեկությունների վրա:
7. Հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.12.02 ՀՕ-489-Ն)