Հոդված 1
Հոդված 1
. «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 օգոստոսի 2001 թվականի, ՀՕ-212, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ և գույքն ու եկամուտները հայտարարագրող են (այսուհետ` հայտարարատու)`
ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն քաղաքական, հայեցողական, քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք.
բ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը, նրա տեղակալը, կենտրոնական բանկի խորհրդի անդամները, խորհրդի աշխատակազմի ղեկավարը և ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր գրասենյակի ստորաբաժանումների ղեկավարները և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.
գ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, անդամները և աշխատակազմի ղեկավարը.
դ) Հայաստանի Հանրապետության դատավորները.
ե) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները.
զ) Հայաստանի Հանրապետության հարկային, մաքսային գործադիր մարմինների, ոստիկանության պաշտոնատար անձինք.
է) Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, արտաքին գործերի, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները.
ը) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները.
թ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի նախագահը.
ժ) Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված մշտական հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) ղեկավարները, նրանց տեղակալները և անդամները:
2. Հայտարարատու են նաև սույն հոդվածի առաջին մասում նշված հայտարարատուներին փոխկապակցված անձինք: Սույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են`
ա) հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները).
բ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ չունենալու դեպքում` համատեղ ապրող ծնողը (ծնողները) և համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) և եղբայրը (եղբայրները).
գ) հայտարարատուի ամուսնացած չլինելու և զավակ ունենալու դեպքում` համատեղ ապրող չափահաս չամուսնացած զավակը (զավակները) և համատեղ ապրող ծնողը (ծնողները):»: