Հոդված 3.1
Հոդված 3.1.
Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները
Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները պետք է նկարագրվեն տվյալ սննդամթերքի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում և հաստատվում են արտադրողի կողմից:
(3.1-ին հոդվածը լրաց. 02.05.05 ՀՕ-94-Ն)
ՀՈԴՎԱԾ 4. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Սննդամթերքի իրացումն արգելվում է, եթե`
ա) պարունակում է հավելում, որն արգելվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գերազանցում է նորմատիվ փաստաթղթերով սահմանված թույլատրելի առավելագույն քանակները.
բ) պարունակող թունաքիմիկատների, անասնաբուժական դեղամիջոցների կամ աղտոտող նյութերի մնացորդային քանակները գերազանցում են օրենսդրությամբ սահմանված թույլատրելի առավելագույն քանակները.
գ) պիտանիության ժամկետն անցել է.
դ) իրացման համար բացակայում են համապատասխան հիգիենիկ պայմանները.
ե) փաթեթավորող և սննդամթերքի հետ շփման մեջ մտնող նյութերը չեն համապատասխանում գործող նորմերին.
զ) չի համապատասխանում նորմատիվ փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջներին:
ՀՈԴՎԱԾ 5. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սննդամթերքի հետ կապված գործառնությունները պետք է իրականացվեն սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանող պայմաններում:
2. Սննդամթերքը պետք է բավարարի սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների պահանջները, իսկ դրանց բացակայության դեպքում` ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի կազմակերպության Codex Alimentaris-ի պահանջները:
3. Սննդամթերքի մեջ օգտագործվող ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի գործող նորմատիվային պահանջներին:
4. Սննդամթերքի արտադրման և իրացման համար հատկացվող տարածքները պետք է կառուցվեն, կահավորվեն, վերանորոգվեն, պահպանվեն և օգտագործվեն այնպես, որ այնտեղ տարբեր գործառնությունների ենթարկվող սննդամթերքը քաղաքացիների կյանքի և առողջության համար լինի անվտանգ, և որ դրանք համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաստատված` տվյալ սննդամթերքին ներկայացվող սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին:
5. Արգելվում է սննդամթերքի հետ կապված գործառնությունների իրականացման համար հատկացված տարածքների օգտագործումն առողջությանն սպառնացող նպատակներով:
ՀՈԴՎԱԾ 6. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սննդամթերքի անվտանգության պահանջները (նորմերը) սահմանվում են տեխնիկական կանոնակարգերով, որոնք մշակում են Հայաստանի Հանրապետության լիազորած մարմիններն ու հաստատվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Տեխնիկական կանոնակարգերը պետք է հիմնավորված լինեն գիտականորեն` հաշվի առնելով համապատասխան միջազգային և միջպետական ստանդարտները:
3. Սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջները պետք է մշակվեն ինչպես ընդհանուր դեպքերի (հավելումների օգտագործում, աղտոտող նյութերի սահմանային քանակությունների պահպանում և այլն), այնպես էլ սննդամթերքի առանձին խմբերի համար:
4. Սննդամթերքի նորմատիվ փաստաթղթերը պետք է ներառեն ցուցանիշներ և պահանջներ, որոնք կապահովեն դրա ակնհայտ ստույգ պատկանելությունը տվյալ արտադրատեսակին, և որոնց ստուգումը կընդգրկի կեղծումները բացահայտող մեթոդներ:
(6-րդ հոդվածը փոփ. 02.05.05 ՀՕ-94-Ն)
ՀՈԴՎԱԾ 7. ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Ներմուծվող սննդամթերքը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին:
ՀՈԴՎԱԾ 8. ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետությունից արտահանվող սննդամթերքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին:
ՀՈԴՎԱԾ 9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՎՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով: Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա) իրացվող սննդամթերքի անվանումը, զտաքաշը կամ ծավալը, եթե սննդամթերքը փաթեթավորված է.
բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների և հավելումների ցանկը.
գ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահպանման մասին՝ եթե այդպիսիք կան և պիտանիության ժամկետը.
դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).
ե) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).
զ) սննդամթերքի ծագման երկիրը.
է) ոգելից խմիչքներում ալկոհոլի պարունակության տոկոսը.
ը) սննդային և էներգետիկ արժեքը.
թ) (կետն ուժը կորցրել է 02.05.05 ՀՕ-94-Ն).
ժ) նորմատիվ փաստաթղթերով սահմանված այլ տեղեկատվություն.
ժա) «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները՝ դրանց առկայության դեպքում:
(9-րդ հոդվածը խմբ., լրաց., փոփ. 02.05.05 ՀՕ-94-Ն)
ՀՈԴՎԱԾ 10. ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Արտադրողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է վերահսկողություն սահմանեն իրենց կողմից արտադրվող սննդամթերքի անվտանգության նկատմամբ: