Հոդված 13. Ստեղծագործության ազատ օգտագործումը
Հոդված 13. Ստեղծագործության ազատ օգտագործումը
Առանց հեղինակի կամ հեղինակային իրավունքի այլ իրավատիրոջ համաձայնության և առանց հեղինակային վարձատրության, սակայն հեղինակի անվան և սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, թույլատրվում է`
- գիտական, հետազոտական, բանավիճական, քննադատական և տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության քաղվածքների բնագիր կամ թարգմանաբար մեջբերումը (ցիտումը), այդ թվում` նաև թերթերի և ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձևով` մեջբերման նպատակն արդարացնող ծավալով.
- օրինական ճանապարհով բացահայտված գրական և արվեստի ստեղծագործությունների ու դրանցից քաղվածքների` իբրև լուսաբանություն, օգտագործումը ուսուցողական բնույթի հրատարակություններում, հեռարձակող կազմակերպության հաղորդումներում (ծրագրերում), ձայնագրություններում և տեսագրություններում` ուսուցումը լուսաբանելու նպատակն արդարացնող ծավալով.
- ընթացիկ տնտեսական, քաղաքական, սոցիալական և կրոնական հարցերին վերաբերող ու օրինական ճանապարհով մամուլում հրատարակված հոդվածների կամ նմանօրինակ բնույթի հեռարձակված ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում և հեռարձակումը, եթե հեղինակը նման օգտագործումը նախապես չի արգելել.
- հրապարակավ արտասանված քաղաքական ելույթների, զեկույցների, հայտարարությունների և այլ նմանօրինակ ստեղծագործությունների վերարտադրումը մամուլում ու հեռարձակումը` տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.
- լուսանկարչության, կինոարվեստի, հեռարձակման միջոցներով ընթացիկ իրադարձությունների մասին հաղորդման նպատակով դրանց ընթացքում տեսած կամ լսած գրական և արվեստի ստեղծագործությունների վերարտադրումը և հրապարակային հաղորդումը` տեղեկատվության նպատակն արդարացնող ծավալով.
- դատական և վարչական վարույթի նպատակների համար ստեղծագործության օգտագործումը` նպատակն արդարացնող ծավալով: Այդ դեպքերում հեղինակի անվան և սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.
- օրինական ճանապարհով բացահայտված երաժշտական ստեղծագործության հրապարակային կատարումը`
ա) պաշտոնական, կրոնական, ինչպես նաև ծիսակարգային արարողությունների ժամանակ` արարողության բնույթն արդարացնող ծավալով,
բ) կրթական հաստատություններում, կրթական գործունեության ընթացքում ուսուցիչների և ուսանողների մասնակցությամբ, եթե ունկնդիրներն ուսուցիչներ և ուսանողներ են, ինչպես նաև կրթական հաստատության հետ անմիջական կապ ունեցող անձինք են (ծնողներ, խնամակալներ, հոգաբարձուներ, դաստիարակներ): Այդ դեպքում հեղինակի անվան և սկզբնաղբյուրի նշումը պարտադիր չէ.
- օրինական ճանապարհով բացահայտված ստեղծագործության առանց շահույթ ստանալու վերարտադրումն ուռուցիկ-կետային տպատառերով կամ կույրերի համար նախատեսված այլ հատուկ եղանակներով, բացառությամբ վերարտադրության հատկապես այդպիսի եղանակների համար ստեղծված ստեղծագործությունների: