Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Սահմանային շերտում տնտեսական գործունեություն իրականացնելու կարգը
Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:
Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:
Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»: