Հոդված 10
Հոդված 10.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.3-րդ հոդվածով`
«Հոդված 21.3. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ծավալը
1. Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին տրամադրվում է սույն օրենքով ապրանքային նշանի համար նախատեսված իրավական պահպանություն։
2. Հանրահայտ ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ:
3. Հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանությունը տարածվում է նաև սույն օրենքի 21.1-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքներին ոչ նույնատիպ ապրանքների նկատմամբ, եթե այլ անձի կողմից տվյալ ապրանքային նշանի կամ դրան շփոթելու աստիճան նման նշանի օգտագործումը դրանց նկատմամբ փոխադարձ կապ է ենթադրում այդ ապրանքների և հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև` նկատի ունենալով, որ այդպիսի օգտագործումը կարող է վնաս հասցնել հանրահայտ ապրանքային նշանի սեփականատիրոջ շահերին։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի դիմելու դատարան` իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հայցով, եթե իր նշանն ունի տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականից ավելի վաղ հանրահայտ ճանաչման թվական: Այս դեպքում դիմումին նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ ապրանքային նշանի անընդհատ օգտագործումը թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների նկատմամբ հիմք է ծառայում դիմումի մերժման համար:
5. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` հանրահայտ ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով երրորդ անձանց արգելելու իր նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման և սույն հոդվածի 4-րդ կետում նշված առաջնությամբ գրանցված ապրանքային նշանի օգտագործումը, եթե տվյալ նշանն օգտագործվել է ոչ ավելի, քան երեք տարի, ինչպես նաև չգրանցված ապրանքային նշանի օգտագործումը:»: