Հոդված 8
Հոդված 8.
ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով.
1) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում:
Շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ ապրանքների արտահանման դեպքերի, ինչպես նաև այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը կամ ներմուծողը.
2) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.
3) ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.
4) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Հայաստանի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով.
5) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում հարկվող շրջանառություն է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր)` առանց ԱԱՀ-ի, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ բան նախատեսված չէ.
6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից էականորեն ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծությունը (գործարքի արժեքը, վճարի, վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծությունը), իսկ դրա բացակայության դեպքում` գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի իրական արժեքը).
7) փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.
8) ակցիզային հարկով հարկվող ապրանքների մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:
9) շենքերի, շինությունների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:
(8-րդ հոդվածը լրաց. 26.12.97 ՀՕ-177, լրաց., փոփ., խմբ. 26.12.00 ՀՕ-126, լրաց., խմբ. 14.12.01 ՀՕ-288, լրաց. 27.11.06 ՀՕ-189-Ն, 09.04.07 ՀՕ-157-Ն)