Հոդված 23. Ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական կառավարումը
Հոդված 23. Ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական կառավարումը
1. Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պետական կառավարումն իրականացնում է լիազորված մարմինը:
2. Լիազորված մարմինը`
ա) իրականացնում է պետական քաղաքականությունը ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում.
բ) ստեղծում է ստանդարտացման և սերտիֆիկացման ազգային համակարգերը.
գ) իրականացնում է նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների և սերտիֆիկացման կանոնների պահպանման պետական վերահսկողությունը.
դ) ընդունում է ազգային ստանդարտները և դասակարգիչները.
ե) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտների, այլ պետությունների ազգային ստանդարտների, ստանդարտացման կանոնների, նորմերի կիրառման կարգը.
զ) մասնակցում է միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման և սերտիֆիկացման աշխատանքներին.
է) կազմակերպում է կադրերի մասնագիտացումը և վերապատրաստումը.
ը) կազմակերպում է ստանդարտացման և սերտիֆիկացման բնագավառներում պաշտոնական տեղեկատվությունը և իրականացնում է դրանց վերաբերյալ նյութերի հրապարակումը.
թ) ստեղծում և վարում է փաստաթղթերի ֆոնդը.
ժ) կազմակերպում է պարտադիր սերտիֆիկացման աշխատանքները.
ժա) սահմանում է համապատասխանության նշանների կիրառման կարգը.
ժբ) իրականացնում է սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրումը.
ժգ) սահմանում է օտարերկրյա սերտիֆիկատների, համապատասխանության նշանների և փորձարկումների արդյունքների ճանաչման կանոնները.
ժդ) ապահովում է պաշտոնական տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սերտիֆիկացման ազգային համակարգի և համապատասխանության նշանի մասին միջազգային, տարածաշրջանային և այլ պետությունների սերտիֆիկացման կազմակերպություններին.
ժե) սահմանում է սերտիֆիկացման կանոնների պահպանման և սերտիֆիկացված արտադրանքի, աշխատանքի, ծառայության և որակի համակարգի համապատասխանության հսկողության կարգը.
ժզ) նախապատրաստում է միջազգային, տարածաշրջանային սերտիֆիկացման համակարգերին միանալու առաջարկություններ և կնքում է նրանց հետ համաձայնագրեր.
ժէ) տալիս է սերտիֆիկատներ և համապատասխանության նշան կիրառելու լիցենզիաներ.
ժը) քննարկում է սերտիֆիկացման հարցերին վերաբերող գանգատները.
ժթ) սահմանում է նորմատիվ փաստաթղթերի, սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների, սերտիֆիկացման ենթահամակարգերի, սերտիֆիկատների և համապատասխանության նշանների գրանցման կարգը, իրականացնում և վարում է ստանդարտացման և սերտիֆիկացման պետական գրանցումների մատյանները: