Հոդված 9. Ազգային ստանդարտները և դասակարգիչները
Հոդված 9. Ազգային ստանդարտները և դասակարգիչները
1. Ազգային ստանդարտներով սահմանվում են պահանջներ` ստանդարտացման օբյեկտի անվտանգության, սանիտարական վիճակի, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, արտադրանքի սպառողական (շահագործական) հիմնական բնութագրերի, փորձարկման մեթոդների, արտադրանքը փաթեթավորելու, մակնշելու, փոխադրելու, պահելու, օգտագործելու և օգտահանելու վերաբերյալ:
Ազգային ստանդարտներով սահմանվում են նաև արտադրանքի մշակման, արտադրման և օգտագործման (շահագործման), տեխնիկական փաստաթղթերի ձևակերպման, ստանդարտացման օբյեկտի որակի ապահովման, միջոցների օգտագործման, թույլտվածքներին և նստեցվածքներին վերաբերող պահանջներ, ինչպես նաև տերմիններ, չափագիտական և այլ ընդհանուր տեխնիկական կանոններ:
Ազգային ստանդարտներով կարող են սահմանվել նաև հեռանկարային, առաջընթացային պահանջներ:
2. Շրջակա միջավայրի, կյանքի, առողջության, գույքի պահպանման համար ստանդարտացման օբյեկտի անվտանգության ապահովման, տեխնիկական և տեղեկատվական համատեղելիության, արտադրանքի համափոխարինելիության, սպառողների իրավունքների պաշտպանության, փորձարկման մեթոդների և մակնշման միակերպության վերաբերյալ ազգային ստանդարտներով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները (այսուհետ` պարտադիր պահանջներ) պարտադիր են պահպանման պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների կողմից:
Ստանդարտացման օբյեկտներին վերաբերող ազգային ստանդարտների մյուս պահանջները տնտեսավարող սուբյեկտների կողմից ենթակա են պարտադիր պահպանման, եթե դրանք նշված են իրենց կողմից կնքված պայմանագրում կամ արտադրանք արտադրողի (իրացնողի), աշխատանքներ կատարողի և ծառայություններ մատուցողի տեխնիկական փաստաթղթերում:
3. Դասակարգիչները մշակվում և հաստատվում են սահմանված կարգով և կիրառվում են տնտեսության մեջ դասակարգչի կիրառման ոլորտին համապատասխան:
4. Ազգային ստանդարտները, դասակարգիչները և դրանց փոփոխությունները ենթակա են պետական գրանցման:
5. Ազգային ստանդարտները հեղինակային իրավունքի օբյեկտ չեն: