Հոդված 7
Հոդված 7.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ հավելվածով`
«Հավելված 3
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան՝ օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու, ինչպես նաԵՎ Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգը
1.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքված միջազգային համաձայնագրերի դրույթներին համապատասխան` հարկային մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ ուսումնասիրությունների (այսուհետ` ուսումնասիրություններ) անցկացման կարգը: Ուսումնասիրություններն անցկացվում են`
ա) օտարերկրյա պետության լիազորված մարմնի հարցումներին պատասխանելու համար` օտարերկրյա անձի հետ իրականացված գործարքի կողմ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտի հաշվառման և տնտեսական գործունեության, նրա հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների, առանձին գործարքների փաստի, իսկության, ծավալների, արժեքի և գների վերաբերյալ տեղեկություններ ճշտելու նպատակով.
բ) Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների կողմից հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը վերադարձնելու նպատակով:
1.2. Ուսումնասիրություն կատարելու համար հիմք են հանդիսանում`
ա) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերի պահանջների շրջանակներում և նախատեսված կարգով օտարերկրյա պետության լիազոր մարմնի` հարկային մարմնին կատարած պաշտոնական հարցումը.
բ) Հայաստանի Հանրապետության կրկնակի հարկումը բացառելու մասին միջազգային համաձայնագրերի դրույթների հիման վրա հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներից գանձված հարկի գումարը տնտեսվարող սուբյեկտներին վերադարձնելու անհրաժեշտությունը:
1.3. Ուսումնասիրությունն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի, ղեկավարի տեղակալների, համապատասխան գործառույթներ իրականացնելու իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի, հարկային (տարածքային) տեսչության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի` յուրաքանչյուր ուսումնասիրության համար տված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են ուսումնասիրություն կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (տնտեսվարող սուբյեկտի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը), ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը, հարկային մարմնի անվանումն ու ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված ուսումնասիրություն իրականացնող հարկային մարմնի կնիքով:»: