Հոդված 6
Հոդված 6.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ հավելվածով`
«Հավելված 2
«Հայաստանի Հանրապետությունում
ստուգումների կազմակերպման
և անցկացման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
Հսկիչ գնումների անցկացման կարգը
1.1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում հարկային մարմնի կողմից հարկվող օբյեկտների և հարկային պարտավորությունների հաշվարկմանը (գնահատմանը), ինչպես նաև արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների կատարմանն ուղղված հսկիչ գնումների իրականացման կարգը:
1.2. Հսկիչ գնում է համարվում հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման) նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող ապրանքների, առարկաների, աշխատանքների, ծառայությունների գների, Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտների ու ոչ ռեզիդենտների կողմից իրականացվող արժութային գործարքների վերահսկողության և հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությունը: Ընդ որում, տարբեր հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների վերահաշվարկը կատարելու նպատակով ֆինանսական տարվա մեջ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար անհրաժեշտ է կատարել առնվազն մեկ հսկիչ գնում:
1.3. Հսկիչ գնում իրականացնելու համար հիմք են հանդիսանում`
ա) տնտեսվարող սուբյեկտի կողմից հարկվող օբյեկտի գծով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված հաշվապահական հաշվառման, այլ հաշվառման կամ գրանցման սահմանված փաստաթղթերը չվարելը կամ դրանք կոպիտ խախտումներով վարելը կամ հարկային տեսչություն ներկայացված հաշվետվություններում, հաշվարկներում, հայտարարագրերում և այլ փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելը, որի հետևանքով անհնար է դառնում տնտեսվարող սուբյեկտի հարկային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկելը.
բ) սահմանված կարգով երրորդ անձից ստացված տեղեկությունները.
գ) հարկային մարմնի պաշտոնատար անձի հիմնավորված միջնորդությունը` հսկիչ գնում կատարելու թույլտվություն ստանալու համար, որտեղ պետք է նշվեն հսկիչ գնում կատարելու պատճառները, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, տնտեսվարող սուբյեկտի տվյալները, հսկիչ գնման կատարման վայրը, ինչպես նաև հսկիչ գնումների իրականացման ժամանակահատվածի հիմնավորումը:
1.4. Հսկիչ գնումն իրականացվում է հարկային մարմնի ղեկավարի կամ հարկային տեսչության պետի կողմից տրված գրավոր հանձնարարագրի հիման վրա, որտեղ նշվում են հսկիչ գնում կատարելու հիմքերը, նպատակը, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), հսկիչ գնում իրականացնելու վայրը, ժամկետները և հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը)` վավերացված հսկիչ գնում իրականացնող հարկային մարմնի կնիքով: Ընդ որում, հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում հանձնարարագրում նշվում են նաև այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում` անձնագրային տվյալները, իրավաբանական անձի դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը, անվանումը, գտնվելու վայրը):
1.5. Հսկիչ գնումից հետո հանձնարարագիրը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
1.6. Հսկիչ գնման արդյունքում կազմվում է հարկային մարմնի կողմից սահմանված ձևով արձանագրություն` երկու օրինակից: Արձանագրության մեջ նշվում են հանձնարարագրի համարը, ամսաթիվը, արձանագրության կազմման վայրը, հսկիչ գնման իրականացման վայրը, ժամանակը, հսկիչ գնումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, հսկիչ գնումն այլ անձի միջոցով կատարելու դեպքում նաև այդ անձի տվյալները, տնտեսվարող սուբյեկտի տվյալները (անվանումը, գտնվելու վայրը), ստացված արդյունքները: Արձանագրությունն ստորագրում են հսկիչ գնում կատարող անձինք և տնտեսվարող սուբյեկտի անունից ապրանքներ վճարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, որն առարկություններ ունենալու դեպքում դրանք ներկայացնում է գրավոր:
2. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: