Անցնել բովանդակությանը
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

Հոդված 15

գործել է մինչև 1997-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 15

. ԱԱՀ-ից ազատելը` հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են`

1) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայությունները.

2) հանրակրթական դպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով.

3) դպրոցական տետրերի և դասագրքերի, մանկական և դպրոցական գրականության իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.

4) գիտահետազոտական աշխատանքները.

5) մանկական սննդի իրացումը.

6) անասնաբուժական դեղամիջոցների և գյուղատնտեսական արտադրանքի արտադրության համար օգտագործվող թունաքիմիկատների իրացումը.

7) արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

8) նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

9) ռադիոհաղորդումները և սպառողների կողմից չհատուցվող հեռուստատեսային հաղորդումները, ներառյալ այդ հաղորդումները իրականացնելու համար երրորդ անձանցից միջոցների ստացումը.

10) թերթերի և ամսագրերի իրացումը.

11) թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12) կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաների իրացումը.

13) փոստային ծառայությունների, փոստային դրոշմանիշների, փոստային դրոշմագրված բացիկների ու ծրարների, ինչպես նաև պետական տուրքային և համանման այլ դրոշմանիշների անվանական արժեքով իրացումը.

14) վիճակախաղերի տոմսերի անվանական արժեքով իրացումը.

15) ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16) կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17) ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները`

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում` պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- արժեթղթերի թողարկումը, տեղաբաշխումը, գնումը, վաճառքը, այդ թվում` վերավաճառելու նպատակով կամ պայմանով գնումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, գնումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը.

- արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) գնումը, վաճառքը ու փոխանակումը, հայկական դրամի և արտարժույթի ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքների կատարումը.

- կանխիկի տրամադրման ծառայությունները.

- բանկերի կողմից ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայությունների մատուցումը.

- լիազորագրային կառավարման կամ այլ ձևով այլ անձանց ներդրումների (ինվեստիցիաների) կառավարումը.

- թանկարժեք մետաղների ստանդարտացված (բանկային) ձուլակտորների գնումը, վաճառքը, դրանցով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանցով այլ գործառնությունների կատարումը.

- ֆինանսական վարձակալության իրականացումը.

- բրոքերային և միջնորդական այլ ծառայություններ.

- բանկի կողմից արժեթղթերի, թանկարժեք մետաղների, քարերի, ոսկերչական իրերի, այլ արժեքների և փաստաթղթերի ի պահ ընդունումը.

- բանկի տրամադրության տակ մնացած գրավի իրացումից ստացված հասույթը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման, ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները` կնքված պայմանագրերի համաձայն.

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

18) պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, հանրակացարաններում բնակվելու վարձը, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների` իրենց անդամներին մատուցված` օրենսդրությամբ սահմանված ծառայությունները.

19) դոնորային արյան, մայրական կաթի, դեղամիջոցների, դեղանյութերի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության հասարակական (ներառյալ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի ոչ պետական այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական (համանման այլ հասարակական և սոցիալական) ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշվում են Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմնի կողմից.

21) հաշմանդամների կամ արդյունաբերաարտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակում առնվազն 50 տոկոս հաշմանդամ ունեցող ԱԱՀ այլ վճարողների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

22) հասարակական (այդ թվում` բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը և ապրանքների ու ծառայությունների` տարվա ընթացքում միանգամյա կամ ոչ պարբերական իրացումը.

23) արտոնագրերի, հեղինակային իրավունքի, լիցենզիաների ստացման և հանձնման հետ կապված գործառնությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։