ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզի
առաջին ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-2492
Քաղաքացիական գործ թիվ 3-1422(Ա)
2007 թ.
Նախագահող դատավոր՝ Մ. Հարությունյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Ա. Մկրտումյանի
մասնակցությամբ դատավորներ` Ս. Անտոնյանի
Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի
2007 թվականի նոյեմբերի 9-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Վանաձորի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 24.11.2004 թվականի թիվ 2-2492 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Ադիկ Արդարյանի դիմումի՝ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և հողամասի ձեռքբերման վաղեմության իրավունք տրամադրելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ադիկ Արդարյանը պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Վանաձորի Զ.Անդրանիկի փողոցի 8բ հասցեում գտնվող մարզադպրոցին կից հողատարածքում գտնվող ինքնակամ կառույցի և դրա տակ գտնվող հողամասի նկատմամբ:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 24.11.2004 թվականի վճռով դիմումը բավարարվել է մասնակիորեն՝ ինքնակամ կառույցի մասով:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Վանաձորի քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ադիկ Արդարյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման 14.06.2007 թվականի թիվ 49-4135 գրության համաձայն վիճելի կառույցը, որպես մարզահամալիրի բաղկացուցիչ մաս, հողի հետ միասին համարվում է Վանաձորի համայնքի սեփականությունը և դիմողի անվամբ երբևէ հաշվառված չի եղել: Ավելին, ամբողջ մարզահամալիրը 2402,7 քմ շինությամբ և 127,0 քմ հողամասով ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշմամբ հանձնվել է Վանաձոր համայնքի սեփականությանը: Փաստորեն, պետական միջոցներով կառուցված և 1997 թվականից Վանաձոր համայնքին սեփականության իրավունքով պատկանող կառույցի մի մասը վճռով համարվել է դիմողի կողմից ինքնակամ կառուցված և ճանաչվել է որպես սեփականություն: Արդյունքում, ի խախտումն ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի, Վանաձորի քաղաքապետարանը զրկվել է սեփականությունից: Նշված հանգամանքները ներկայացնելու հնարավորությունից Վանաձորի քաղաքապետարանը զրկված է եղել՝ գործի քննությանը մասնակից չդարձվելու պատճառով:
Ըստ էության դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձած Վանաձորի քաղաքապետարանի իրավունքներին, այսինքն՝ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 24.11.2004 թվականի վճիռը և դիմումը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.
Վճռաբեկ բողոքում առկա չէ ապացույց այն մասին, որ Վանաձորի քաղաքապետարանը վճռի մասին իմացել է միայն 2007 թվականին` Ա.Արդարյանի հակընդդեմ հայցից հետո:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ
բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Սույն գործով դիմողի կողմից ինքնակամ կառուցված շինությունը գտնվում է Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 8բ հասցեում գտնվող մարզաբազայի տարածքում, որպիսի հողատարածքը ՀՀ կառավարության 14.03.1997 թվականի թիվ 51 որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է Վանաձոր համայնքին: Վիճելի շինությունը մարզաբազայի տարածքում գտնվելու հանգամանքն ընդունվել է նաև դիմողի կողմից:
Փաստորեն, ինքնակամ շինության նկատմամբ դիմողի սեփականության իրավունքի ճանաչելով՝ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձի իրավունքների վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձը զրկված է եղել դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունից: Արդյունքում խախտվել է անձի՝ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքը (արդար դատաքննության իրավունք):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Այսպիսով՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջների խախտումը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար հիմք ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 24.11.2004 թվականի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 24.11.2004 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտումյան
Դատավորներ` Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան