Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

գործել է մինչև 2004-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 10. ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Գրավատնային գործունեության լիցենզավորումն իրականացնում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության` սույն օրենքին համապատասխան սահմանած կարգով:

2. Լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե`

ա) դիմումն ու դրան կից փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, կամ դրանցում ներկայացված են կեղծ տեղեկություններ.

բ) սույն օրենքի 18 հոդվածի 5-րդ կետով նախատեսված դեպքում:

3. Լիցենզիա ստանալու դիմումը մերժելու մասին լիազոր մարմնի որոշումը դրա կայացման հիմքերի հետ միասին եռօրյա ժամկետում տրամադրվում կամ փոստով ուղարկվում է դիմողին:

4. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված հիմքերի բացակայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումն ու այդ որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

5. Լիցենզիա ստանալու դիմումում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավաբանական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում լիազոր մարմինը որոշում է ընդունում բավարարել լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով, որ դիմողը մեկամսյա ժամկետում կվերացնի նկատված թերությունները: Լիազոր մարմինը լիցենզիա ստանալու դիմումը վերապահումով բավարարելու մասին որոշումը եռօրյա ժամկետում տրամադրում կամ փոստով ուղարկում է դիմողին:

6. Լիցենզիա ստանալու դիմումը բավարարելու որոշում ընդունելու դեպքում լիցենզիան դիմողին է տրամադրվում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարումը կատարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո` մեկամսյա ժամկետում:

7. Եթե սույն հոդվածի 5-րդ կետում նշված թերությունները վերացնելու մասին տեղեկությունները կամ լիցենզիա ստանալու համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրքի առաջին տարեկան վճարման անդորրագիրը լիազոր մարմին են ներկայացվում սահմանված ժամկետից ուշ, ապա լիազոր մարմինը, որպես լիցենզիան հանձնելու պայման, դիմողից հայտարարագիր է պահանջում այն մասին, որ անցած ժամանակահատվածում լիցենզիա ստանալու դիմումին կից փաստաթղթերը չեն կորցրել իրենց իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով:

8. Եթե սույն հոդվածի 7-րդ կետում նշված հայտարարագիրը չի ներկայացվում կամ դիմողը հայտնում է, որ դիմումին կից փաստաթղթերից որևէ մեկը կորցրել է իրավական ուժը` սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության իմաստով, ապա լիցենզիայի տրման մասին լիազոր մարմնի որոշումը համարվում է չեղյալ, եթե միաժամանակ դիմողը չի ներկայացնում այնպիսի փաստաթղթեր, որոնք կապահովեն սույն հոդվածի 4-րդ կետի պայմանը:

9. Լիցենզիայի ձևը սահմանում է լիազոր մարմինը:

10. Լիցենզիան տրվում է անժամկետ:

11. Լիցենզիան չի կարող գրավադրվել կամ օտարվել: Իրավաբանական անձի առանձնացման դեպքում լիցենզիան պահպանում է լիցենզիա ստացած անձը, իսկ անձի բաժանման դեպքում ստեղծված անձինք կարող են օրենքով սահմանված կարգով դիմել նոր լիցենզիա ստանալու համար:

12. Լիազոր մարմինը վարում է տրամադրված լիցենզիաների գրանցամատյան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։