Հոդված 7. ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Գրավատունն իրավունք ունի`
ա) տրամադրել անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված վարկեր.
բ) վարկեր և փոխառություններ ներգրավել բանկերից և այլ կազմակերպություններից.
գ) սահմանափակ շրջանառության իրավունքով արժեթղթեր (բացառությամբ բաժնետոմսերի) թողարկել և տեղաբաշխել բանկերի կամ այլ կազմակերպությունների միջև: Այդ արժեթղթերի երկրորդային տեղաբաշխումը կարող է կատարվել միայն նշված կազմակերպությունների միջև.
դ) բաժնետիրական ընկերություն հանդիսացող գրավատան դեպքում` օրենքով սահմանված կարգով թողարկել և տեղաբաշխել բաժնետոմսեր.
ե) օրենքով սահմանված կարգով պարտավորությունների դիմաց իրացնել իրեն հանձնված գույքը.
զ) օրենսդրությամբ սահմանված կարգով գույք ընդունել միայն գրավատուից կամ պահատուից: Գրավատան համար գրավատու (պահատու) լինելու փաստի հավաստիության հիմք կարող է ծառայել գույքը հանձնող անձի գրավատոմսում կամ պահպանական անվանական անդորրագրում կատարված գրավոր հայտարարությունը: Գրավատան կողմից գրավատոմսերի և պահպանական անվանական անդորրագրերի ձևակերպման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
2. Գրավատունը չի կարող`
ա) վարկային միջոցների ձեռքբերման համար տեղաբաշխել պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր, ներգրավել փոխառության կամ այլ ձևով միջոցներ այլ կերպ, քան նախատեսված է սույն հոդվածի 1-ին կետով.
բ) տրամադրել ապրանքային վարկեր.
գ) վարկը տրամադրել մասնաբաժիններով` առանց յուրաքանչյուր մասնաբաժնի համար նոր պայմանագիր կնքելու.
դ) որևէ պահանջ ներկայացնել վարկառուի կողմից վարկով ստացած գումարի տնօրինման վերաբերյալ.
ե) վարկը ամբողջությամբ մարելու` վարկային պայմանագրով նախատեսված ժամկետի կետանցից հետո իրականացնել վարկային պայմանագրում նշված ժամկետի որևէ փոփոխություն: Կողմերի համաձայնությամբ վարկային նոր պայմանագրով նախկինում չմարված (բայց մարման ենթակա) վարկը կամ դրա մի մասը կարող է համարվել վարկի նոր գումարի բաղկացուցիչ մասը, իսկ մինչև այդ կնքված պայմանագիրը ճանաչվել ուժը կորցրած.
զ) գրավատնային գործունեությունից բացի իրականացնել այլ գործունեություն (գործառնություններ), եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և իրավական այլ ակտերով: